«Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը». Լևոն Մկրտչյան


«Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը». Լևոն Մկրտչյան

  • 19-09-2017 19:55:47   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողները ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե լեզուների զարգացման հայեցակարգում ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ռուսերենն առանձին հայեցակարգ ունի, իսկ մնացած լեզուներն`  առանձին:
 
Ի պատասխան`  ԿԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառի հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցաներով է: Բացի այդ, ԿԳ նախարարը հիշեցրեց`  ռուսերենը մեր դպրոցներում, որպես օտար լեզու, երկրորդ դասարանից են սովորեցնում աշակերտներին, իսկ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներենը դպրոցներն ընտրում են:
 
«Բացի այդ`  մեր մասնագիտական գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսալեզու է, դրան գումարած՝ փաստը, որ ունենք մեծ Սփյուռք ՌԴ-ում, որն ակտիվ կապի մեջ է ՀՀ-ի հետ: Մեզ մոտ տարածվածության մասշտաբով ռուսերենին մոտ է անգլերենը, սակայն մենք մտահոգ ենք ֆրանսերանի և գերմաներենի պահպանման հարցով: Բոլոր լեզուներն էլ դրված են «Օտար լեզուների հայեցակարգ»-երի տակ, այսինքն`  պետք չի քաղաքականացնել այս ամենը»,-  ասաց նախարարը:
 
Մկրտչյանի խոսքով՝ եթե ուզում ենք, որ Հայաստանի կրթական համակարգը հենվի գիտության վրա` պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումն ուժեղացնել. «Խնդիրն այն է, որ օտար լեզվի իմացությունն է պարտադիր, այլ ոչ թե կոնկրետ ռուսերենի իմացությունը: Փոքր երկրներն իրենց ազգային լեզվով չեն կարող ստանալ տեխնիկական թարգմանության այն պաշարները, որոնք կան: Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատչելի ու պարզ նյութեր ստանալը: Լեզուների զարգացման հայեցակարգ նոր չէ, որ ընդունում ենք, ուղղակի անընդհատ փորձում են քաղաքականացնել ռուսերենը»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն