ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կարո Փայլանին

20-09-2017 13:42:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով:
 
Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
 
Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Կարո Փայլանի գործունեությունն ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ջանքերն ու քաղաքացիական բարձր դիրքորոշումը: «Մենք շատ հպարտ ենք, որ Թուրքիայի խորհրդարանում ունենք հայազգի պատգամավորներ: Ուզում եմ հատուկ գնահատել Ձեր անձնական ներդրումը. մենք հպարտությամբ եւ ուշադրությամբ ենք հետեւում Ձեր գործունեությանը: Այն դեպքը, որ եղավ Ձեզ հետ, մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան 100 տարվա մեջ չի փոխվել: 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապն է քարկոծվելով սպանվել Օսմանյան Թուրքիայի խորհրդարանում, 100 տարի հետո էլ Ձեզ են հարվածել Թուրքիայի խորհրդարանում Ձեր համոզմունքների համար: Բայց, չնայած դրան, Դուք պահպանել եք Ձեր քաղաքացիական բարձր դիրքորոշումը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին ու խնդիրներին, կարեւորել հայրենիք-Սփյուռք կապերի խորացումն ու Սփյուռքի խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հարցին, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին, որը ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ հայկական հարցի արցախյան դրսեւորումն է:
 
Կարո Փայլանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար, անդրադարձել Թուրքիայի քաղաքականությանն ու նրա մտահոգիչ դրսեւորումներին, զուգահեռներ անցկացրել թուրքական քաղաքականության ներկայի եւ դեռեւս 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջեւ: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից