Ֆրանսիացի գործարարների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

20-09-2017 14:30:40   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գործարարների հետ:
 

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավորություններին  գինեգործության, կոնյակագործության և օրգանական գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ բացվող նոր հեռանկարներին:  Ֆրանսիացի գործարարները նշել են, որ  իրենց զարմացրել է այն հանգամանքը, թե  որքան  շատ որակյալ գինի արտադրողներ են հայտնվել շուկայում վերջին տասը տարիների ընթացքում:
 
«Աշխարհը միշտ փնտրում է նոր գինիներ, Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում, դրանք են Արենին, Ոսկեհատը և Խնդողնին: Մասնագետների գնահատմամբ՝ հայկական գինու զարգացման գրավականը հենց այդ սորտերի առաջմղումն է»,- նշել է նախարար Առաքելյանը`  ընդգծելով, որ Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է Գինեգործության և խաղողագործության զարգացման հիմնադրամ, բացի այդ կան շատ սոմելյեներ, որոնք տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում տարածում են հայկական գինու բրենդը:
 
Անդրադառնալով կոնյակագործության ոլորտին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ եթե գինին  զարգացման նոր փուլում է գտնվում, ապա հայկական կոնյակն ավելի կայացած շուկա ունի:
 
Նախարար Առաքելյանը նաև տեղեկացրել է հյուրերին, որ օրգանական գյուղատնտեսության ուղղությունը զարգացնելու նպատակով Հայաստանն ակտիվորեն համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, քանի որ այն արտերկրի շուկայում, մասնավորապես Եվրոպայում այսօր մեծ պահանջարկ ունի և կարող է նպաստել փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը`  բարձր  շահութաբերության շնորհիվ:
 
Ներկայացնելով պետական աջակցության ծրագրային փաթեթը, որը նպատակաուղղված է գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` Իգնատի Առաքելյանն  այս հարցում կարևորել է Ֆրանսիայի մասնագիտացված ընկերությունների  փորձը` կոչ անելով համագործակցել և խորհրդատվական ծառայություններ տրամադրել մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգեգործության զարգացման գործում:
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման համակարգին, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող և մի շարք այլ հարցերի շուրջ:
 
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ուղղված  հետագա քայլերին:
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից