Եթե Հայաստանը չկարողանա խաղալ ադրբեջանական ռեժիմի թուլացման վրա, ապա պատերազմն անխուսափելի է. (տեսանյութ)


Եթե Հայաստանը չկարողանա խաղալ ադրբեջանական ռեժիմի թուլացման վրա, ապա պատերազմն անխուսափելի է. (տեսանյութ)

  • 20-09-2017 15:47:33   | Հայաստան  |  Քաղաքական



 
Թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններն ուղիղ մեսիջ են հայ ժողովրդին ուղղված, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր թիկունքում կանգնած է Թուրքիան, և իրենք պատրաստ են ռազմական ճանապարհով լուծել բոլոր խնդիրները։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
 
Ըստ նրա՝ այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը բոլորովին էլ պատահական չէ, այլ դա ուղիղ կապ ունի Հայաստանում անցկացվող Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի հետ։
 
«Ադրբեջանում վաղուց է խաղարկվում այսպես կոչված «հետնորդ» ծրագիրը։ Նախագահ Իլհամ Ալիևը բավական երկար ժամանակ է ծանր հիվանդ է, հետևաբար նրա իշխանությունն այժմ գտնվում է փխրուն վիճակում։ Քանի դեռ Ալիևի առողջական վիճակը թույլ է տալիս պաշտոնավարել, նա չի շտապի իշխանությունը փոխանցել Մեհրիբան Ալիևային, ում նախագահությանը դեմ են անգամ իշխող կլանի ներսում»,- փաստեց Գ․ Այվազյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում հնարավոր իշխանափոխությունը ներքին անկայունության պատճառ կդառանա։
 
Ադրբեջանագետի խոսքերով, չնայած այն բանին, որ Մեհրիբան Ալիևան Արևմուտքում ընկալվում է որպես ավելի ժողովրդավար անձնավորություն, այդուհանդերձ նրա դիրքերը երկրի ներսում չափազանց թույլ են, հետևաբար երկրի առաջին դեմք դառնալու դեպքում նա ևս կդիմի վաղուց փորձված միջոցի, այն է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար լարվածություն կառաջացնի արցախա-ադրբեջանական սահմանին։
 
Գ․ Այվազյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա ճկուն քաղաքականություն վարել, մասնավորապես, համագործակցության եզրեր գտնի ադրբեջանական ընդդիմության հետ,որպեսզի հետագայում գործ ունենա ավելի թույլ Ադրբեջանի հետ։
 
Բանախոսի համոզմամբ՝ Մեհրիբան Ալիևան իշխանության գալու դեպքում ավելի բիրտ ուժ կկիրառի, քան իր նախորդը։
 
«Մեր կողմից արվող այն հայտարարությունները, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, Ադրբեջանում ընկալվում են որպես թուլության նշան։ Եթե մենք չկարողանանք խաղալ ադրբեջանական ռեժիմի թուլացման վրա, ապա պատերազմն անխուսափելի է»,- ընդգծեց Գ․ Այվազյանը՝ շեշտելով, որ պատմական այս պահի օգտագործումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծմանը։ 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play