Կարևոր նախաձեռնություն՝ համայնքների խոշորացման բարեփոխումների համատեքստում

20-09-2017 16:30:27   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման հանդիսավոր արարողությանը: 
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը շրջել են  հաստատություններում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ահնիձոր բնակավայրում այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություն է  հաճախում՝ 8 և Մարցում՝ 16 փոքրիկ: 
 

Այս մոդելը մշակվել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև կնքված 2016-2020 թ.թ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Այս նախաձեռնությունն ավելի է կարևորվում ՀՀ-ում համայնքների խոշորացման և հանրային կառավարման ոլորտում ընթացիկ բարեփոխումների համատեքստում: Սա ծախսաարդյունավետ մոդել է, որը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները: 
 
2017 թվականի մայիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Համայնքների ֆինանսիստների միավորման <<Քայլ առ քայլ>> բարեգործական հիմնադրամի և Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի հետ ստորագրեց Փոխըմբռման հուշագիր՝ հեռավոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների մշակման և իրականացման վերաբերյալ:  Հուշագրի շրջանակներում համայնքի ևս երկու բնակավայրերում՝  Շամուտ և Աթան, նախադպրոցական կրթական ծառայություններ կբացվեն մոտ օրերս:  
Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին Թումանյան խոշորացված համայնքում նման կարևոր ծրագիր իրականացնելու համար: Վստահեցնելով` որ խոշորացված համայնքում կառավարության և միջազգային կառույցների աջակցության ծրագրերը պարբերական բնույթ են կրելու: 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նույնպես կարևորել է խոշորացված համայնքներում նման ծրագրերի իրականացումը: Ա. Գիլոյանը կարևորել է նաև  ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) <<Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին>> ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ, մի շարք խոշորացված համայնքներում տեխնիկական միջոցների և սարքավորումների տրամադրումը:  Նման աջակցություն է ստացել նաև Թումանյան համայնքը, իսկ ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:
 
Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից