Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին


Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

  • 20-09-2017 17:38:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության  նախարար Ավետիս Կիտանյանին:   
Վարչապետը կարևորել է բարեկամ Լիբանանի հետ համագործակցության զարգացումը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տնտեսության տարբեր ոլորտներում: Փոխշահավետ գործակցության համար վարչապետը հեռանկարային է համարել մասնավորապես թեթև  արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության ոլորտները:  Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև հաջորդ տարի աշնանը նախատեսվելիք տնտեսական և ներդրումային խոշոր համաժողովին՝ կարևորելով լիբանանցի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առարկայական կերպով քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար: 
 
Ավետիս Կիտանյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ լիբանանցի զբոսաշրջիկների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և իրենց նպատակն է առաջիկայում կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների թիվը:  Նախարարն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ պայմանավորվել են իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ, որոնք նոր թափ կհաղորդեն զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Գալիք տարի նախատեսվելիք համաժողովը նա համարել է Հայաստանի ներդրումային հնարավորություններին տեղում ծանոթանալու լավ հնարավորություն և պատրաստակամություն է հայտնել լիբանանյան կողմին մանրամասն ներկայացնել ՀՀ կառավարության նախաձեռնությունների մասին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն