Հայ փրկարարներն ակտիվորեն ներգրավված են միջազգային դաշտային վարժանքին


Հայ փրկարարներն ակտիվորեն ներգրավված են միջազգային դաշտային վարժանքին

  • 20-09-2017 18:23:47   | Մոլդովա  |  Հասարակություն

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԻՆ 26 փրկարարից կազմված թիմն ակտիվորեն մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ԵՄ «MOLDEX-2017» խորագրով միջազգային լայնամասշտաբ դաշտային վարժանքի գործողություններին: Վարժանքն անցկացվել է երեք տեղամասերում, որից երկուսում ներգրավված են եղել նաև հայկական թիմերը: 
 
Սցենարի համաձայն՝ առաջին տեղամասում մասնակի և ամբողջովին փլուզվել է 4 բնակելի շինություն: Բացի հայկական թիմից՝ այստեղ ներգրավված են եղել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Մոլդովայի թիմերը: Փլուզումներից զատ տեղի են ունեցել նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ, տուժածներ են հայտնաբերվել բարձրավոլտ սյուների վրա: Ընդհանուր առմամբ՝ եղել է պայմանական 24 «տուժած» և 16 «զոհ»: Վարժանքի այս տեղամասում հայ փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փլատակների քանդում-կտրում, պարանային ամրակապման աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում:
 
Երկրորդ տեղամասում, սցենարի համաձայն, գինու գործարանում տեղի է ունեցել պայթյուն, արձանագրվել է ամոնիակի արտահոսք: Այստեղ ներգրավված են եղել Հայաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Ադրբեջանի, Բելառուսի և Ուկրաինայի թիմերը: Հետախուզության ընթացքում գործարանի տարածքում հայտնաբերվել են ընդհանուր 7 տոննա զանգվածով տարբեր քիմիական նյութեր: Այս տեղամասում հայկական թիմն իրականացրել է իրավիճակի հետախուզում, արտահոսքերի հայտնաբերում և օգնություն ցուցաբերել 17 «տուժածի»:
 
Նման միջոցառումներն օգնում են բարձրացնել փրկարարների պատրաստվածությունը և նպաստում են տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play