Արա Բաբլոյանը մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին

20-09-2017 18:39:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագիրը կրող «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին:
 

Համաժողովն այս տարի անցկացվել է Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի նախաշեմին:
 
Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթն ամբողջությամբ կարելի է ընթերցել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում:
 
Շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին՝ խորհրդարանի նախագահը վստահություն է հայտնել, որ այն համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող եւ համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:
 
Համաժողովի կարեւոր հարցերից մեկը Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարն էր: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծվելիք կառույցն իր ձեւով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւավորման աշխատանքներին:
 
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով համաժողովի բոլոր մասնակիցներին, կարեւորել է նրա դերը Հայաստան-Սփյուռք կապերի եւ հարաբերություների զարգացման հարցում:
 
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ամփոփել է համաժողովի նախորդ երկու օրերի աշխատանքը` հավելելով, որ այս համաժողովն իր ձեւաչափով եւ քննարկված հարցերի կարեւորությամբ գերազանցել է նախորդ համաժողովներին:
 
Նշենք նաեւ, որ համաժողովի անցկացման ժամկետը եւ օրակարգը որոշվել են դեռեւս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից