Կան գրողներ, որոնց ստեղծած գրականությունն իրենց կյանքի հետ ավարտվում է, իսկ Հրաչյա Թամրազյանի գրվածքներն ապրելու են (տեսանյութ)
20-09-2017 18:52:26 | Հայաստան | Մշակույթ
Կան գրողներ, որոնց ստեղծած գրականությունն իրենց կյանքի հետ ավարտվում է, իսկ Հրաչյա Թամրազյանի գրվածքներն ապրելու են, քանի որ կրում են հայոց մտածելակերպը:
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Գրողների միությունում (ՀԳՄ) տեղի ունեցած հուշ-ցերեկույթի ընթացքում այսպես բնորոշեցին հայ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի թողած գրական ժառանգությունը նրան ճանաչողները:
Ինչպես նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, Հ. Թամրազյանը պոեզիա է բերել մաքուր, հնչեղ ու կազմակերպված, բանաստեղծական դասական չափերի մեջ տեղավորվող ստեղծագործություններ:
«Հրաչին ես վաղ տարիքից եմ ճանաչել, երբ նա 17 տարեկան էր, և համալսարանի առաջին կուրսով գնացել էինք Լենինգրադ: Նա Եսենինյան դեմքով, ջինջ, կարծես ռուսի մի կերպար լիներ, որին դժվարությամբ էին տարբերում»,- նշեց նա:
Է. Միլիտոնյանի փոխանցմամբ՝ Հ. Թամրազյանը բազմաթիվ բանաստեղծական գրքերի ու թարգմանությունների հեղինակ է, ով հաջողությամբ թարգմանել է ինչպես Սերգեյ Եսենինի, այնպես էլ Բորիս Պաստեռնակի ժողովածուները:
«Նրա նոր խոսքը գրահրատարակչական ասպարեզում ևս անգնահատելի է, քանի որ 1990-ականներին, երբ գրահրատարակչությունն ամբողջությամբ մարել էր, նա կռվով ու պայքարով գրքեր էր հրատարակում»,- փաստեց ՀԳՄ նախագահը՝ հպարտանալով, որ եղել է Հ. Թամրազյանի սերնդակիցը:
Իսկ ահա գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը ցավով ընդգծեց, որ այս ծանր ժամանակներում Հ. Թամրազյանի պես անհատականությունների կորուստը դարձել է մեծ ողբերգություն:
Նրա խոսքերով՝ Հարչյա Թամրազյան անհատականությունը ներդաշնակորեն իր մեջ կրում էի զգացմունքային գրողի և սթափ գիտնականի կերպարները:
«Ընկերների և շրջապատի նկատմամբ Հ. Թամրազյանն առավելագույն վերաբերմունք էր ցուցաբերում: Մարդկային հարաբերություններում նա պարզ էր, բաց ու հստակ, պատանեկան ջինջ հայացքով, որը նրան չլքեց անգամ հասուն տարիքում»,- նշեց Ե. Տեր-Խաչատրյանը:
Վերջինիս գնահատամամբ՝ Հ. Թամրազյանն իբրև բանաստեղծ՝ շահեկանորեն տարբերվել է իր ժամանակակիցներից:
«Նրա բանաստեղծությունները գալիս էին հայոց լեզվից, իմացե՛ք, որ հայերեն լավագույն բանաստեղծությունները գրում են ոչ թե հեղինակները, այլ հայոց լեզուն: Հ. Թամրազյանի բանաստեղծությունների հիմքը հայկական լեզվամտածողությունն էր»,- շեշտեց Ե. Տեր-Խաչատրյանը: