Այսօր Հայկական բնապահպանական ճակատի անդամները Երևանի կենտրոնում բողոքի ակցիա անցկացրեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ: Բողոքի ակցիան մեկնարկեց Կասկադ համալիրի սկզբնամասից: Ակցիայի մասնակիցները, պաստառներից և թռուցիկներից զատ, իրենց հետ բերել էին մեծ ոսկեգույն գունդ, որը խորհրդանշում էր Ամուլսարի հանքավայրի ոսկին:
Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ բողոքի ակցիային, լուսանկարվել «ոսկե գնդի» հետ, տարածել լուսանկարները սոցիալական ցանցերում՝ օգտագործելով «#70_տոննա_ոսկի_ռումբ», «Ամուլսար#70 տոննա ոսկի», «No Mining In Amulsar» հեշթեգերը: Նպատակն էր բարձրացնել տեղեկատվածության մակարդակն Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ:
«70 տոննա ոսկին՝ օտարներին, թույնը՝ Հայաստանին: Սա ոսկու այն չափն է, որը պետք է հանվի Հայաստանի ընդերքից, իսկ թույնը թողնվի մեզ: Այս ծրագրով աղտոտվելու են Արփա, Որոտան գետերը, Սևանա լիճը…Ոչ Ամուլսարին», - հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:
Կոչեր հնչեցնելով և թռուցիկներ տարածելով՝ ակցիայի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվեցին դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ, այնուհետև՝ Հյուսիսային պողոտա:
«Մենք ունենք խնդիր. մարդիկ տեղեկացված չեն, թե ինչ վտանգների առջև ենք կանգնելու Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում: Մենք կորցնելու ենք մեր ջրերը, մաքուր տարածքները…սա բոլորիս խնդիրն է: Կոչ ենք անում չլինել անտարբեր, միանալ և փորձել կանգնեցնել այս ծրագիրը: Մենք նաև նպատակ ունենք, որ այն լուսաբանվի միջազգային մակարդակով, որպեսզի ֆինանսավորողներն էլ դադարեցնեն իրենց ֆինանսավորումը, ինչպես դադարեցրեց Միջազգային ֆինանսական կորպորացիան/IFC», - նշեց Անի Խաչատրյանը:
Ակցիայի վերջին կանգառը ՀՀ կառավարության շենքի մոտ էր: Հենց այստեղ էլ որոշեցին թողնել «ոսկե գունդը»` որպես նվեր Ամուլսարի ծրագրին աջակցող կառավարությանը:
«Ոսկու փայլին խաբնված կառավարությունը իրավունք չունի վտանգել մեր և ապագա սերունդների կյանքը: Ամուլսարը չպետք է դառնա ոսկու հանք», - ասաց Աննա Շահնազարյանը:
«Այս սիմվոլիկ «70 տոննա ոսկին» մենք նվեր ենք անում կառավարությանը, որպեսզի նա հիշի, որ ոսկին ուտելով չի կարող կշտանալ: Ջուրը, հողը և նրա տված բերքն ավելի կարևոր են, քան ոսկին: Ամուլսարի շահագործման ծրագիրն աղետ է լինելու Հայաստանի համար: Այս ոսկին թող կանգնի բոլոր նրանց կոկորդներին, ովքեր փորձում են ավիրել մեր բնությունը», - հայտարարեց ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը:
Բնապահպանները «ոսկե գունդ»-ը թողեցին Հանրապետության Հրապարակի օղակի մոտ: Կարճ ժամանակ անց ոստիկանները հեռացրեցին այն: