Կայացել է Հայկական առևտրային ցանցի երրորդ մրցանակաբաշխությունը

21-09-2017 13:24:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում կայացել է Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) երրորդ մրցանակաբաշխությունը: Վեց տարի առաջ ստեղծված կառույցը նոր հարթակ է՝ ամբողջ աշխարհում գործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների համար: Այն  ունի հստակ առաքելություն՝ աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի միջև կապերի հաստատմանը՝ երկկողմ պալատներին տալով գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորություն:
 

Մրցանակաբաշխության ժամանակ, «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը ստացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվել է Շարժայի (ԱՄԷ) բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը` «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանին, իսկ «Հայաստանի ներդրող» մրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանին:
 
ՀԱՑ-ի և կառավարության գործակցությամբ կազմակերպված  ֆորումի և տարեկան ժողովի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և սփյուռքի պաշտոնատար անձինք, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջին նիստի ընթացքում քննարկվել է «Սփյուռքի գործարարության պրոֆեսիոնալ ցանցերի ներուժը» թեման, որը մեկնարկել է Ռումինիայի ֆինանսների նախկին նախարար և ներկայիս սենատոր Վարուժան Ոսկանյանի «Միջազգային ցանցերի նշանակալի դերակատարությունը» ելույթով: Երկրորդ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին:
 
ՀԱՑ-ի կազմում գործում է Հայաստանի և սփյուռքի 14 բիզնես կազմակերպություն: Միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:
 
 
 
Շնորհակալություն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից