ԱրՊՀ-ում տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողություն (լուսանկարներ)

21-09-2017 15:36:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողություն:
 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ միջոցառումը՝ ներկաները ծաղիկներ են դրել արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշկոթողին, որտեղ էլ անց է կացվել երդման արարողություն։
Արարողության սկիզբն ազդարարվել է ԱրՊՀ օրհներգը, որին էլ հաջորդել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը:
 

«Դուք եք հետնորդները, ձեր ավագ սերնդի կյանքի գնով նվաճված ազատ հայրնեիքի, և դուք էլ պետք է այն շենացնեք, բարձր պահեք 1991 թվականին ձեռք բերած Անկախության դրոշը և պատրաստ լինեք դիմակայելու բոլոր դժվարություններին ու մարտահրավեր-ներին: Վստահ եմ, որ դուք գիտակցում եք ձեր մեծ առաքելությունը. թշնամուն պետք է հաղթենք նաև գիտելիքներով»,-մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:
 
Ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսք է հղել նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
 
«Հիրավի, այս օրը նշանակալից է նրանով, որ մենք տոնում ենք նաև ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը: Այն, որ դուք հենց այսօր եք երդվում, պատահական չէ: Այս սրբավայրում և այս կարևոր տոնին երդվելը պարտավորեցնում է ձեզ լավ սովորել, դառնալ լավ մասնագետներ, որպեսզի կարողանաք նաև հետագայում ձեր նպաստը բերել հայրենի երկրի կառուցման, բարգավաճման գործին»,-ըստ էության ասել է Ս. Ասրյանը:
 
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն էլ բարեմաղթանքի իր խոսքում նշել է. «ԱրՊՀ-ն իր դասախոսական կազմով պատրաստ է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, տալ այնպիսի խոր ու կայուն գիտելիքներ, որ դուք կարողանաք դառնալ լիարժեք ու խելացի մասնագետներ, որոնց կարիքը շատ է զգում մեր հայրենիքը:
 
Ես վստահ եմ, որ դուք համալրելու եք մեր լավագույն ուսանողների շարքերը: Լավ սովորեցեք, եղեք պատասխանատու, նախաձեռնող, ակտիվ, աշխատասեր ուսանողներ»,-նշել է Մ. Մինասյանը:
 
Առաջին կուրսի ուսանող Շողեր Սարգսյանն էլ ասել է. «Մենք գիտակցում ենք, որ մեր երազներն իրականացնելու համար մեզնից մեծ ջանքեր կպահանջվի: Մենք լի ենք վճռականությամբ ու նպատակասլացու-թյամբ: Հպարտ ենք, որ մենք ԱՀ քաղաքացիներն ենք, մեր պատմության պաշտպանները, մեր ազատագրված հայրենիքի դրոշն ու պատիվը բարձր պահողները»:
 
Այնուհետև տեղի է ունեցել բուն երդման արարողությունը: Առաջին կուրսեցիներին են հանձնվել ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները։
 
Ուսանողների երդմնակալությանը ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը, համալսարանականներ, հյուրեր, ծնողներ և այլք։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից