Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով Լեհաստանի Սենատում


Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով Լեհաստանի Սենատում

  • 21-09-2017 16:12:15   | Լեհաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել «Լեհաստանի հայեր. յոթ դարերի ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Գիտաժողովը կազմակերպել էր Լեհաստանի Հանրապետության Սենատի և Լեհաստանի հմտությունների ակադեմիայի կողմից` Կրակովի Հայկական մշակութային ընկերակցության հետ համագործակցությամբ:
 
Գիտաժողովի բացման պաշտոնական արարողության մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԼՀ Սենատի մարշալեկ (նախագահ) Ստանիսլավ Կարչևսկին, ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատի Մշակույթի և տեղեկատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յեժի Ֆեոդրովիչը, Լեհաստանի հմտությունների ակադեմիայի փոխնախագահ Անջեյ Կայետան Վրոբլևսկին, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարին, ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպական գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Տադեուշ Վոժնիակը, ԼՀ Սենատի պատգամավորներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքների հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:
 
Իր ելույթում ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին նշել է, հայերը Լեհաստանի ամենահին ազգային փոքրամասնություններից մեկն են, որոնք Լեհաստանը ընտրել են իբրև իրենց երկրորդ Հայրենիք: Սենատի նախագահը ընդգծել է մի շարք ակնառու հայազգի գործիչների անուններ, որոնք մեծ հետք են թողել Լեհաստանի պատմության մեջ:
 
ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար, պրոֆեսոր Պիոտր Գլինսկին, խոսելով Լեհաստանում հայերի կարևոր դերակատարության մասին, նշել է, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի մշակույթի զարգացման գործում: Նա հիշատակել է Լեհաստանում հայտնի խոսքերից մեկը, ըստ որի «Հայը, դա կրկնակի լեհ է»` ընդգծելով հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Լեհաստանին: ԼՀ փոխվարչապետ Գլինսկին մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար «Gloria Artis» մեդալներով է պարգևատրել Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, հայագետներ Քշիշտոֆ Ստոպկային և Անջեյ Ժեմբային, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Հյուսիսային ժողովրդապետության առաջնորդ Հայր Յեզարի Աննուսևիչին:
 
Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սենատի նախագահին և գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կյանքում կարևոր իրադարձության հոբելյանական տարում ԼՀ Սենատում ներկայացուցչական և բովանդակային բարձր մակարդակի միջազգային գիտաժողով կազմակերպելու համար: Դեսպան Ղազարյանի խոսքերով՝ Լեհաստանի հայ համայնքի պատմությունն ուղղակիորեն կապված է Լեհաստանի պատմության հետ, ինչը երկու ժողովուրդների մեծ հարստությունն է և արժանի է ամենաբարձր մակարդակով ուսումնասիրության, հիշատակման և ներկայացման:
 
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել չորս երկրների յոթ համալսարանների և գիտական կենտրոնների անվանի գիտնականներ, որոնք ներկայացրել են Լեհաստանի հայ համայնքի, անվանի գործիչների, Լեհաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության և հուշարձանների մասին իրենց գիտական ուսումնասիրությունների արդյունքները:
 
Նույն օրը Լեհաստանի Պատմական փաստաթղթերի պետական արխիվում բացվել է մի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են տարբեր ժամանակներում Լեհաստանի տարբեր թագավորների և բարձրաստիճան պետական գործիչների կողմից Լեհաստանի հայ համայնքի շնորհված արտոնությունների, ինչպես նաև հայերին վերաբերող բացառիկ պատմական փաստաթղթերի բնօրինակները։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն