Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց


Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց

  • 21-09-2017 17:19:43   | Իսպանիա  |  Հասարակություն

 
Եվս մեկ տարի Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցն իր դռները բացեց Վալենսիայի շրջանի հայ երեխաների առջև: Եվ այս էլ արդեն 13-րդ տարին անընդմեջ կրթօջախը մայրենին ու հայի ինքնությունը ջանասիրաբար սերմանում է հայ մանուկների, պատանիների ու երիտասարդների մեջ:
 
2017-2018 ուս. տարում կիրակնօրյա դպրոցում կուսանեն 34 աշակերտ՝ 11-ով ավելի, քան նախորդ տարի: Եվ առաջին անգամ, Իսպանիայում ծնված երեխաների թիվը գերազանցում է Հայաստանում ծնված երեխաների թվին: Սա կարևոր ցուցանիշ է, քանի որ արդեն հաստատված և սերունդ տվող հայ ընտանիքները, ըստ ամենայնի, մտահոգ են իրենց երեխաների հայեցի դաստիարակությամբ ու մայրենիի իմացությամբ:
 
Այս տարի նաև առաջին անգամ դպրոց կհաճախեն նախադպրոցական տարիքի երեխաները: Այս դասարանում կսովորեն 3-5 տարեկան 12 աշակերտ:
 
Մեսրոպյան այբուբենը կուսանի նաև 30-ամյա Սաթենիկ Հովսեփյանը, ով արդեն 24 տարի բնակվում է հայրենիքից դուրս, արտակարգ խոսում է հայերեն և արյան կանչով տենչում է նաև գրել-կարդալ սովորել իր մայրենիով:
 
Հայկական կրթօջախում իրենց անմնացորդ ու ազգանվեր ծառայությունը կմատուցեն «Արարատ» հայկական միության անխոնջ անդամներ, ուսուցիչներ Աստղիկ Սաղաթելյանը, Գայանե Ղազարյանը, Սվետլանա Կարապետյանը և Արարատ Ղուկասյանը:
   
Ուսումնական տարվա բացման օրը նախորդ տարիներին արդեն դպրոց հաճախող աշակերտները բարիգալստյան փոքրիկ միջոցառում էին նախապատրաստել նորեկների համար: Նրանք երգերով ու արտաանություններով դիմավորեցին նորեկներին՝ ուղղորդելով նրանց իրենց նոր կրթօջախ:
   
Եվ ուրեմն, հայկական դպրոցին մաղթենք բարի երթ, ուսուցիչներին՝ բեղմնավոր աշխատանք, իսկ աշակերտներին՝ հայկականությամբ լի գիտելիքներ:
 
«Արարատ» հայկական միություն
Միսլատա (Վալենսիա, Իսպանիա)
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play