«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն այցելել և աջակցություն է տրամադրել կարիքավոր և բազմազավակ մի շարք ընտանիքների. «Արցախպրես»


«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն այցելել և աջակցություն է տրամադրել կարիքավոր և բազմազավակ մի շարք ընտանիքների. «Արցախպրես»

  • 21-09-2017 19:59:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի անդամներն այցելել են Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Հայկաջուր և Նոր Այգեստան գյուղերում ապրող կարիքավոր մի շարք ընտանիքների:
 
 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի առաջատար կուսակցության կանանց խորհրդի անդամները հագուստ, սնունդ և գրենական պիտույքներ են նվիրել ավելի քան տասն ընտանիքների:
 
 
 
ԱՀԿ կանանց խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանն ասել է, որ կուսակցության կանանց խորհուրդն ամեն տարի ծրագիր է կազմում Արցախի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակին ծանոթանալու համար:
 
«Երրորդ տարին է, ինչ գործում է մեր ծրագիրը, և այս անգամ որոշել ենք այցելել Նոր Մարաղա, Հայկաջուր և Նոր Այգեստան գյուղերի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին»,- նշել է Ռ. Դադայնը և ավելացրել, որ այդ հարցում աջակցել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
 
Ռ. Դադայանի խոսքով՝ մինչ այս կանանց խորհուրդն այցելել էր Ստեփանակերտում, Շուշիում և Մատաղիսում ապրող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների:
 
ԼՂՀ Աժ պատգամավորը, անդրադառնալով միջոցառման կարևորությանը, նշել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդը հաճախակի է հանդես գալիս նման ծրագրերով և փորձելու են ընդգրկել Արցախի մյուս բոլոր շրջանները:
 
Վեց երեխաների մայր 37-ամյա Ազնիվ Հարությունյանը բնակվում է Նոր Այգեստանում: Նա ողջունել է ծրագրի կարևորությունը և նշել, որ այսպիսի միջոցառումները մեծ աջակցություն են:
 
Իսկ 42-ամյա Աշխեն Նազարյանը 11 երեխաների մայր է: Նրանք բնակվում են Հայկաջուրում: Աշխեն Նազարյանի 11 երեխաներից 9 աղջիկ են, 2-ը՝ տղա:
 
Ծրագրի շրջանակում ԱՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են նաև Նոր Մարաղա, Հայկաջուր և Նոր Այգեստան համայնքների դպրոցներ, հանդիպել ուսուցչական կոլեկտիվների հետ:
 
 
Հանդիպմանը ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը, շնորհավորել է ուսուցչական կազմին՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության տոնի առթիվ և նշել, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարի գնով է ձեռք բերել այն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play