Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. սպասելիքներ եվ իրականություն


Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. սպասելիքներ եվ իրականություն

  • 22-09-2017 16:38:29   | Հայաստան  |  Վերլուծություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ է առաջացրել մասնագետների շրջանում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ը երկար տարիներ օրենսդրական և այլ բազմաթիվ փոփոխություններ է կատարել՝ նպատակ ունենալով ինտեգրվելու Եվրամիությանը (ԵՄ): Եվրոպական միության հետ Ասոցացման պայմանագրից հրաժարման հիմնավորումը լայն քննարկման առարկա դարձավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Հայաստանի  իշխանությունները պնդում էին, որ դա տնտեսության համար շահավետ է, և որ Արցախի Հանրապետության անվտանգությունն ու կենսունակությունը վճռորոշ գործոն են եղել այդ որոշման համար:
 
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված է միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: ԵԱՏՄ–ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության բնագավառում: Ըստ պայմանագրի՝ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսունակության բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Բելառուսի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը  ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:
 
Image result for Եվրասիական տնտեսական միություն
 
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության որոշման կողմնակիցները ԵԱՏՄ-ին անդամակցությունը համարում են անխուսափելի, քանի որ «դրանով Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը»: Անդամակցության ընձեռած տնտեսական հնարավորություններից նշվում են տնտեսական անվտանգությունը, ուղղակի ներդրումների և զբաղվածության աճը։ Տրանսպորտային մեկուսացման հաղթահարմանն ու էներգապոտենցիալի հզորացման խնդիրների լուծմանը կնպաստեն Հայաստանում ԵԱՏՄ երկրների ներդրողների մասնակցությամբ իրականացվող հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերը` նոր ատոմակայանի կառուցումը, դեպի Իրան երկաթուղու, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը[1]:
 
Ըստ միության կողմնակիցների՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը և ներկա իրավիճակը, այն է՝ Արցախի Հանրապետության փաստացի ինքնորոշման իրավական կարգավորման ձգձգումը, երկրի պաշտպանական և անվտանգության համապատասխան երաշխիքների հեռանկարը, ինչպես նաև ՀՀ-ում արտադրվող ապրանքների՝ դեռևս եվրոպական ստանդարտներից հեռու լինելու գործոնը և այլն, ընտրությունը դեպի Ռուսաստան այս փուլում արդյունավետ և առավել սակավ ռիսկերով քայլ է: Այլ հարց է, որ անցած չորս տարիների բանակցային գործընթացները Եվրամիության հետ եվրոասոցացման պայմանագրի շուրջ և ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինչպես կազդեն մեր երկրի հանդեպ գործընկերային վստահության մակարդակի վրա:
 
Վերջիններս (Միության կողմնակիցները) նաև նշում են, որ ՀՀ-ում արտադրվող արտադրանքն ու ապրանքները միջազգային առևտրում մրցունակ չեն, և ՀՀ ընկերությունները դիտարկվում են միայն հումքի մատակարարներ: Եվրամիության երկրների շուկաների սպասարկումն ավելի բարդ և աշխատատար է, քանի որ նրանցում առկա է սուր մրցակցություն, գործարար միջավայրի սուբյեկտներն ավելի փորձառու և ֆինանսապես ապահովված են, քան ԵԱՏՄ երկրների արտադրողները: Եվրամիությունում ապրանքների որակին և հատկություններին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, որը մի կողմից պայմանավորված է շուկայի պետական կարգավորման ու ապրանքների սերտիֆիկացման ավելի կատարյալ մեխանիզմների առկայությամբ, մյուս կողմից` եվրոպացի սպառողների համեմատաբար բարձր վճարունակությամբ, որի պարագայում նրանք ավելի շատ պահանջներ են ներկայացնում գնվող ապրանքների մակնիշին, որակին և հատկություններին, քան ԵԱՏՄ անդամ երկրների սպառողները: Հիմնականում սա է պատճառը, որ թեև Եվրամիության երկրների արտադրողներն ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների ապրանքների ներմուծմամբ առաջատար գործընկերներ են, սակայն պատրաստի արտադրանքի ներմուծման բնագավառում լրջորեն զիջում են երրորդ երկրներին՝ կենտրոնանալով Հայաստանից ու ԵԱՏՄ երկրներից հումքի ներկրման վրա:
 
Սակայն մյուս կողմից խորացնելով մեր հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու մասնավորապես Ռուսաստանի հետ՝ ավելի ենք մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունն այդ երկրից և դարձել ավելի խոցելի Ռուսաստանից եկող բացասական ազդակների նկատմամբ (որոնք պայմանավորված են Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ)։
 
Իսկ ընդդիմախոսների կարծիքով՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ մուտք գործելը ենթադրում է որոշակի բարդություններ, քանի որ միության անդամ երկրների հետ Հայաստանի ցամաքային սահման չունենալու հետևանքով մաքսային արտոնությունների ռեժիմն արդյունավետ չի գործի: ԵԱՏՄ երկրներ ՀՀ-ից արտահանվում են հիմնականում սննդամթերք, խմիչքներ և գյուղատնտեսական ապրանքներ, իսկ Եվրամիության երկրներ՝ հանքաքար, պղնձի խտանյութ, ֆերոմոլիբդեն և նմանատիպ այլ արտադրանք[2]: Ուշագրավ է, որ նշված երկու տնտեսական միությունների մասնակից երկրներն էլ ՀՀ արտաքին առևտրում ունեն զգալի տեսակարար կշիռներ: Ֆիզիկական ծավալների տեսանկյունից Եվրամիությունը ՀՀ արտահանման և ներմուծման առաջին, իսկ Ռուսաստանը երկրորդ գործընկերն է:
 
Մի կողմ դնելով տնտեսական օգուտները կամ բացասական կողմերը՝ երկիրը որոշում է միանալ միասնական շուկայով կամ արժեքներով որևէ պայմանագրի կամ ազգերի խմբի, այն հույսով, որ դա կարող է մեծացնել երկրի ներուժը: Մամուլի ազատության, ժողովրդավարության, կոռուպցիայի և օրենքի գերակայության համաշխարհային ցուցանիշներին հայացք նետելով՝ տեսնում ենք, որ այդ ոլորտում միանշանակ առաջատար են եվրոպական երկրները,  իսկ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը հետնապահների դիրքերում են: Հայաստանի ցուցանիշներն ավելի բարձր են, քան ԵԱՏՄ բոլոր երկրներինը:
 
Անկախ այս նոր արտաքին ու տնտեսական քաղաքականության ընտրության պատճառներից ու հիմնավորումներից՝ հարց է մնում` ի՞նչ կշահի Հայաստանն այս անդամակցությունից:
 
 
 
ԱՐԴՅՈ՞Ք  ՃԻՇՏ ԷՐ ԵԱՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՅՆ Ի՞ՆՉ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ Է ԿՐՈՒՄ
 
Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությունը գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ և պատասխանել հետևյալ  չափազանց կարևոր հարցերի.
 
1. ԵԱՏՄ, թե՞ ԵՄ. ինտեգրացիայի ու հեռանկարների համեմատում
 
2. Ի՞նչ է տվել ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին. երկու տարիների ամփոփում
 
 
 
ԵԱՏՄ ԵՎ ԵՄ. ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ
 
Այլընտրանքը: Հայաստանը 2010թ.-ից բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: 2013թ. հուլիս ամսին բանակցություններն ավարտվեցին, իսկ սեպտեմբերի 3-ին այն տապալվեց, քանի որ որոշվեց բռնել ԵԱՏՄ-ին ինտեգրացիայի ճանապարհը: Այսինքն, եթե ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի ճանապարհը չբռնեինք, ապա կստորագրեինք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը, որով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։ Այդ պայմանագրի ստորագրման արդյունքները հաշվարկված էին աշխարհահռչակ ՛՛Ecorys՛՛ կազմակերպության կողմից: Ըստ դրա՝ ԵՄ ասոցացման արդյունքում մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն կունենար լրացուցիչ 2.3 տոկոսանոց աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային լրացուցիչ 146.0 մլն դոլարով, 15.0%-ով ավելանալու էին նաև Հայաստանից արտահանման ծավալները, լինելու էր սպառողական ապրանքների գնաճի 1.2 տոկոսանոց կոմպենսացիա, աշխատավարձերի 2.7 տոկոսանոց լրացուցիչ բարձրացում, աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակի լրացուցիչ 7 տոկոսանոց աճ և այլն: Սա այս թեմայի շուրջ միակ միջազգային բարձրորակ հետազոտությունն է, որը, ըստ էության, նկարագրում է այն, թե ինչից Հայաստանը զրկվեց՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին:
 
Ո՞ր միությունն ավելի շահավետ կլիներ ՀՀ-ի համար, դա պարզելու համար տանենք զուգահեռներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև.
 
1) Տնտեսական հզորություն: 2015թ. տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության բնակչության թիվը մոտ 183.0 միլիոն է[3], համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն)՝ 4,360.4 մլրդ ԱՄՆ դոլար[4]: Մինչդեռ Եվրոպական միության բնակչությունը 510.0 միլիոն մարդ է[5], իսկ ՀՆԱ-ն՝  16,220.0 մլրդ դոլար[6]: Առաջինը բաղկացած է 5, իսկ երկրորդը 28 անդամ պետություններից: Կոպիտ ասած՝ ԵՄ-ը, ունենալով մոտ 3 անգամ ավելի շատ բնակչություն, քան ԵԱՏՄ-ը, տալիս է մոտ 4 անգամ ավելի շատ համախառն ներքին արդյունք: Հետևաբար ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն զգալիորեն (2.4 անգամ[7]) ավելի շատ է, քան ԵԱՏՄ-ում[8]:
 
ԵԱՏՄ երկրների դեպքում համապատասխան ցուցանիշները բացարձակապես տարբեր են: ԵԱՏՄ-ում 2016թ. մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԵԱՏՄ անդամ ամենահարուստ պետության՝ Ռուսաստանի Դաշնության կողմից և կազմել է 26,490.0 դոլար, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ղրղզստանում՝ կազմելով 3,521.0 դոլար: Իսկ ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արտադրանքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԵՄ անդամ Լյուքսեմբուրգում՝ կազմելով 104,003.0 դոլար, ամենացածր ցուցանիշը՝ Բուլղարիայում՝ 20,327.0 դոլար[9]: Այսինքն ԵՄ ամենաբարձր ցուցանիշը գերազանցում է ԵԱՏՄ-ի ամենաբարձր ցուցանիշին մոտ 4 անգամ, իսկ ամենացածր ցուցանիշը՝ մոտ 6 անգամ: Հետևաբար, թե՛ ընդհանուր տնտեսական ներուժի և թե՛ բնակչության տնտեսական կացության տեսանկյունից ԵԱՏՄ-ը շատ հեռու է ԵՄ-ից:
 
 
Անի Հասան-Ջալալյան, Տնտեսագետ, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
 
Շարունակությունը սկզբնաղբյուրում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն