Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ պատասխանատու մոտեցման դրսևորում

22-09-2017 16:42:01   | Արագածոտնի մարզ  |  Կազմակերպություններ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը: Համայնքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ, կողմերը կարևոր են համարում նաև շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես պատասխանատու մոտեցման դրսևորում: Կազմակերպությունների կամավորների ավանդական դարձած մասնակցությունը յուրօրինակ ուղերձ  է հասարակությանը:
 

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակվող Մանուկյանների ընտանիքը նոր կառուցվող հարկի տակ հյուրընկալել է համագործակցող կողմերի ղեկավարներին, աշխատակիցներին և կամավորների թիմին առաջին անգամ միացած ուսանողների: Տարբեր ծրագրերի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեությանը ծանոթացած ուսանողներն այս անգամ բացահայտել են, թե հատկապես ինչ է պատասխանատու ընկերության արժեհամակարգը: Համատեղ ուժերով իրականացվել են տնամերձ հատվածում մայթերի բետոնացման աշխատանքներ: 
 
Մանուկյանները՝ տասնհինգ հոգով, տարիներ շարունակ ապրել են ընտանիքի հոր՝ Հրաչի հայրական տանը: Ավելի ուշ, Հրաչի զինվորական ծառայությամբ պայմանավորված, տեղափոխվել են վարձակալությամբ տրված բնակարան: Ընթացող շինարարությունը ոգևորել է տանտերերին. նրանք հաղթահարված են համարում մինչև այժմ եղած խնդիրները:
 
«Բազմանդամ ընտանիքում ապրելն իր դժվարություններն ունի. կենցաղային անհարմարությունների և տարածքի փոքրության հետ ավելանում են խնդիրները: Ամուսնուս ծնողները, քույրը՝ իր չորս երեխաներով, եղբոր ընտանիքը, կրտսեր եղբայրը, յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով փորձում էր օգնել կառուցել այս տունը, սակայն ապարդյուն: Առանց ձեր օգնության մենք դժվար թե մոտ ապագայում տուն ունենայինք: Անակնկալ ուրախություն էր մեզ համար: Օտար, բայց այնքան հարազատ այս մարդկանց օգնությունը մեզ մի քանի քայլ մոտեցրեց բնակարանամուտին»,- ասել է ընտանիքի մայրը՝ Աննան:
 
«Որևէ մեկը դատապարտված չէ ապրելու չքավորության մեջ՝ չիրականացված երազանքներով: Որպես ազգ մենք արժանի ենք հարգանքի և բարեկեցության: Երբ համախմբվենք և գիտակցենք այս ամենը՝ հաջողությունն անպայման կլինի: Այս ծրագրի հաջողություններից մեկը կամավորության դրսևորումն է: Այն մերժում է անտարբերությունը՝ մարդկանց մեջ արթնացնելով սեփական ուժերի նկատմամբ հավատն ու դժվարությունները հաղթահարելու կամքը: Համոզված եմ, որ մեր ապագայի սերունդը գիտակցում է կամավորության առաքելությունը: Այսօր մեզ հետ աշխատելու նրանց պատրաստակամությունը դրա վառ ապացույցն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Ամեն անգամ, ընտանիքի հետ ուս-ուսի աշխատելով, մենք ոչ միայն օգնում ենք, որ օր առաջ ավարտվի շինարարությունը, այլև թույլ տալիս ընտանիքին, գյուղացուն զգալ, որ մենակ չէ իր առջև եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին: Միասնականության գաղափարը համախմբում է մարդկանց և ստիպում օգնության ձեռք մեկնել նրանց, ում նկատմամբ ճակատագիրն այնքան էլ բարի չի գտնվել: Օր ու գիշեր աշխատող, հողից հաց քամող ընտանիքն արժանի է բարեկարգ պայմաններում մեծացնելու իր երեխաներին»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն Արագածոտնի մարզում 21 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել: Ծրագիրը, Հայաստանի բոլոր մարզերում շահառու դարձած 150 ընտանիքի երջանկության պատճառ է դարձել և վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հույսն ու լավատեսությունը:
 
 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է ավելի քան 25 մլն ՀՀ դրամի ներդրում՝ բնակարանաշինության ծրագրի իրականացման համար:
 
 
 
Շնորհակալություն:
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից