Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի


Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի

  • 22-09-2017 19:42:31   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն  այս տարի կկայանա  հոկտեմբերի 1-8-ը: 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է “We are15years old young”  «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագիրը: 
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: 
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան  50  ներկայացում:
 
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային,  ֆիզիկական, շարժման,  կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: 
Փառատոնի նշանավոր ներկայացումներից  են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի  «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:     
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: 
Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի  «Յակիշ և Պուպչե»  (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում  (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե): 
Հոկտեմբերի  6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:    
Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ: 
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): 
_______________________________________________
Ս.թ. սեպտեմբերի  22-ին կայացած ասուլիսին մասնակցում էր  «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: 
Նոյյան տապան  -   Մշակույթ