Երևանի մասին օրենքի նախագիծը չի բխում ՀՀ Սահմանադրությունից, այն մշակողները գործել են «գեղից մարդ չկա» սկզբունքով.Անահիտ Բախշյան

23-09-2017 12:33:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ազգային  Ժողովում  երկրորդ ընթերցման  է  պատրաստվում  <Երևանի տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ> կատարելու մասին  օրենքի նախագիծը, որը մշակել   են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: <Մշակել>   բայը հատուկ եմ շեշտում, որովհետև օրենքի հիմնավորման մեջ  այդ բառն են օգտագործել նախագծի հեղինակները:
 
Ինչպես  գրված է ներկայացված նախագծի  հիմնավորման մեջ, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը    <պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի   6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով  ընդունված  Հայաստանի  Հանրապետության նոր  Սահմանադրության  9-րդ   գլխում  տեղ գտած իրավակարգավորումների   եւ  ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված  հոդվածների  տրամաբանության  հետ համապատասխանեցմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով  անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում:> <Ամրագրել>  բայն էլ  ունի  մեկ իմաստ, Սահմանադրության պահանջը  վերցնել ու ամուր գրել, այսինքն «գրել» այս օրենքում  և  հատկապես այս պարագայում, չի կարող փոխաբերական իմաստ ունենալ: 
 
ՀՀ նոր Սահմանադրության 9-րդ գլխի  179-190-րդ հոդվածները տեղական  ինքնակառավարման  ոլորտում այն չնչին  բարեփոխումներն էին, որն առաջարկում էր նոր Սահմանադրությունը, բայց արի ու տես, որ ՀՀ Մայր օրենքում  գրված իրավական  պահանջները, որոնք որպես իրավունք պետք է տրվեն համայնքի բնակիչներին՝  տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցությունն ապահովելու  համար, որոնք պետք է հստակեցնեն ու գծեն համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակը, որպեսզի ինքն իրեն  համայնքի միանձնյա տեր ու  տիրական չզգա ու հասկանա, որ պատասխանատու է ավագանու առջև, հերթական անգամ, կարծես դիտավորյալ,  պարզապես ներառված չեն այս փոփոխություններում:  Նախագծի հեղինակներն այս գործն արել են, որ ընդամենն ասեն՝ օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցրել ենք, բայց դե  <գեղից մարդ չկա>  սկզբունքով  մտածել են, ո՞վ պիտի կարդա ու խորանա բովանդակության մե՞ջ:
 
Գործող իշխանության  կողմից Օրենքի նկատմամբ քամահրական  վերաբերմունքի  հերթական օրինակն է սա, ընդունված գործելակերպ, ու փաստ է, որ  սահմանադրական ցանկացած   պահանջ  միայն Սահմանադրության գրքի թղթերի վրա են  գրված  բավական չէ, դրանք   Երևանի մասին օրենքի թղթի վրա անգամ չեն ուզեցել ամրագել: Նախագծի <փոփոխության> մշակներն ընդամենը մեխանիկական փոփոխություններն են արել ու չնայած գրել են <անխուսափելիորեն պետք է ամրագրվեն> , այդպես էլ  չեն ամրագրել  ՀՀ սահմանադրության հետևյալ կարևոր կետերը.
 
87-րդ հոդվածը .  Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը
 
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:   Չկա:
 
179-րդ հոդվածը. <Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:>   Չկա:
 
183-րդ հոդվածը.<Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։> Չկա:
182-րդ հոդվածի 4-րդ կետը. <Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:> Չկա:
Այնինչ,  այսօր համայնքների ղեկավարներն  իրենց  ապօրինի  կարգադրություններով   ուղղակի սահմանափակում են  ավագանու անդամի իրազեկված, տեղեկացված լինելու ու  իրավունքը:  
Էլ չեմ ասում այն մասին, որ չնայած հիմնավորման մեջ  գրել են, թե սույն օրենքի նախագիծն անդրադառնում  է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին>,   երևի, ուղղակի մոռացել են  անդրադառնալ ու ավագանու և համայնքի ղեկավարի ՏԻՄ օրենքով սահմանված նոր լիազորություններն ուղղակի չեն ամրագրել այս նախագծում:
 
Ազգային Ժողովի  <Ելք>  խմբակցության պատգամավորներն  այս օրենքի  նախագծում արդեն ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ ու   մենք ամբողջ թիմով հետամուտ ենք լինելու, որպեսզի դրանք  անխուսափելիորեն ամրագրվեն  այս օրենքում և ավագանին, որպես  Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին , որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, իսկապես դառնա համայնքի ղեկավարի գործունեությունը վերահսկող:
 
Անահիտ Բախշյան 
 
Երևանի ավագանու <Ելք> խմբակցության անդամ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Անահիտ Բախշյան
Ելք  խմբակցության անդամ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից