ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» V միջազգային գիտաժողովը

23-09-2017 14:11:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 Սույն թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա, 1-ին հարկ), իր աշխատանքները կսկսի  «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» V միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ  Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի  հիմնադրման 60-ամյակին:
 
    Ինստիտուտն իր գործունեության ընթացքում ունեցել է հետևյալ գիտական արդյունքները`
 
·        զոլ-ժել և համատեղ նստեցման եղանակով մշակվել են մուլիտի, լյումինաֆորների ցածր ջերմաստիճանային տեխնոլոգիաներ
 
·        ստացվել են դիոպսիդային և մուլիտային կառուցվածքի, բարձր ջերմաստիճաններում գույների մեծ ինտեսիվությամբ, կերամիկական պիգմենտներ ոչ հանքային լեռնային ապարների միկրոալիքային մշակման եղանակով
 
·        մշակվել է բազմաբյուրեղային տարրական սիլիցիումի և մագնեզիումի տեխնոլոգիա ուլտրահիմնային ապարների մեխանաակտիվացմամբ, թթվային մշակմամբ և վերականգնիչների  կիրառմամբ  
 
·        մշակվել են բարձրաբեկող, կատիոն-անիոնային հաղորդականությամբ ապակիներ, սեգնետոէլեկտրիկներ, բիոսիտալներ
 
·        մշակվել է նոր պլազմամեխանաքիմիական եղանակ ալմաստների, նանոչափերի Fe, Co, Ni փոշիների և դրանց համաձուլվածքների սինթեզի համար
 
·        մշակվել են ամորֆ և շերտային սիլիկատներից, կորիզներից նոր ադսորբենտներ, իոնափոխանակիչներ, ֆիլտրող նյութեր և կրիչներ, մեզո- և նանոչափ մոլիբդենի գերմաքուր միացությունների, ինչպես նաև մոլիբդենիտային խտանյութերից հատուկ մաքրության նանոկառուցվածքի նյութերի ստացման տեխնոլոգիաներ
 
·        մշակվել են հանքային դաշտերի բնապահպանական գնահատման և հանքավայրերի երկրաքիմիական համալիր որոնումների եղանակներ:
 
Գիտաժողովի ընթացքում կվերլուծվեն և կքննարկվեն քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակը և առաջընթացը: Գիտաժողովի մասնակիցների միջև ակտիվ համագործակցությունը կնպաստի գիտական ամուր հիմքերի հաստատմանը, հնարավորություն կստեղծվի կանխատեսել ինտենսիվ քիմիական տեխնոլոգիական զարգացման հեռանկարները:
Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից: Գիտաժողովին ներկայացված է ավելի քան 215 գիտական զեկուցում:
 
Գիտաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ  Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը,  ՌԴ ԳԱ  Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը, Դ.Ի. Մենդելեևի անվան Ռուսական քիմիական ընկերությունը, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհուրդը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Գիտաժողովն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
 
 
23.09.2017թ.
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից