«Հայ կանանց ճակատ»-ն այլևս չի ենթարկվելու ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների ապօրինի և օրենքից դուրս պահանջներին (տեսանյութ)


«Հայ կանանց ճակատ»-ն այլևս չի ենթարկվելու ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների ապօրինի և օրենքից դուրս պահանջներին (տեսանյութ)

  • 23-09-2017 15:46:47   | Հայաստան  |  Իրավունք



 
«Հայ կանանց ճակատ»-ն այլևս չի ենթարկվելու ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների ապօրինի և օրենքից դուրս պահանջներին: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերոշյալ նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը` ընդգծելով, որ պատրաստվում են իրավական ճանապարհով հասնել հարցի լուծման: 
 
Ըստ նրա` սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ ոստիկանությունը բռնություններ է կիրառել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և երեք այլ քաղաքացիների նկատմամբ` ընդհանուր առամամբ 12 մարդու: 
 
«Նախ ասեմ, թե ինչ նպատակ էր հետապնդում այդ օրերին մեր իրականացրած ակցիան: Մենք համոզված ենք, որ սփյուռքահայերը երբևէ չեն կարող ունենալ լիարժեք տեղեկատվություն այն ամենի մասին, թե ինչ է իրականում կատարվում մեր երկրում, քանի որ լրատվական դաշտի սահմանափակումը կեղծում է իրականությունը»,- նշեց Ս. Սիմոնյանը` հավելելով, որ ակցիաների միջոցով իրենք փորձել են սփյուռքահայերին տեղյակ պահել Հայաստանում գոյություն ունեցող քաղբանտարկյալների մասին: 
 
Նրա փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, վերաբերում է սփյուռքահայեր Ժիրայր Սեֆիլյանին և Կարո Եղնուկյանին:   
 
«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամի պնդմամբ` ոստիկանության կողմից բռնության ենթարկված վերոնշյալ 12 մարդկանցից ոչ բոլորն են մասնակցել քաղաքական բնույթ կրող իրենց ակցիային: Նրանց մի մասը պարզապես զբոսնել է փողոցում: 
 
Բանախոսի տեղեկացմամբ` իրենց կողմից այդ օրերին սփյուռքահայերին բաժանվող թռուցիկներում բարձրաձայնվել է զանգվածային արտագաղթի, աննախադեպ թվով քաղբանտարկյալների և արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների ոչ նպատակային ծախսվելու մասին: 
 
«Ոստիկաններին բացարձակապես չէր հետաքրքրում թռուցիկների բովանդակությունը: Նրանք միանգամից հարձակվում էին մեզ վրա, քաշքշում և փորձում նստեցնել մեքենան: Երբ ոստիկաններն ինձ ճանաչեցին, թույլ չտվեցին համաժողովի մյուս բոլոր մասնակիցների պես ներս մտնել այն դեպքում, երբ ես էլ ունեի համապատասխան հրավիրատոմս»,- փաստեց Ս. Սիմոնյանը` շեշտելով, որ ակցիայի առաջին օրը ոստիկաններին չի հաջողվել իրեն տանել այնտեղ ներկա սփյուռքահայերի շնորհիվ, իսկ հաջորդ օրը ստիպողաբար նստեցրել են ոստիկանական մեքենան, մի քանի կիլոմետր գնալուց հետո խնդրել են մեքենայից իջնել` պատճառաբանելով, թե թյուրիամացություն է եղել: 
 
Իր հերթին «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության մեկ այլ անդամ, Ռուզաննա Եղնուկյանի փոխանցմամբ` նույնպիսի բռնությունների ենթարկվելուց հետո ոստիկաններն իրեն և երեխաներին տեղափոխել են ստիկանության բաժանմունք, այնտեղ պահել մոտ 3 ժամ` այդպես էլ չպարզաբանելով, թե ինչի համար են իրենց բերման ենթարկել: 
 
«Միայն բացատրագիր գրելուց հետո պարզվեց, որ փաստացի մեզ ոտիկանություն էին տեղափոխել պայթուցիկ կրելու և այն ինչ-որ տեղ տեղադրելու փորձեր կատարելու կասկածանքով: Այս ամենի մեջ անհանգստացնողն այն է, որ ոստիկանները կարող են մարդուն բաժանմունք տանել ուրիշ պատրվակով, և ժամեր անց բոլորովին այլ կասկածանք ներկայացնել»,- նշեց նա: 
 
Սեպտեմբերի 19-20-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված Հռիփսիմե Եղնուկյանի կարծիքով` իրենց նկատամամբ պայթուցիկ կրելու կասկածանքն առաջ է քաշվել այն պարզ պատճառով, որ իրավապահ մարմինները փորձում են այդ կերպ հարցը քաղաքական դաշտից տեղափոխել քրեական դաշտ և կապել «Սասնա Ծռեր»-ի հետ:
 
«Կոնկրետ մեր դեպքում ուզում են «լաքա» կպցնել հայրիկիս. Շատ հավանական է, որ մի օր ոստիկանները հայտնվեն մեր տանը և ասեն, որ ինչ-որ պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Ես հրապարակայնորեն հայտարարում եմ, որ այս վտանգը կա, և եթե նման բան կատարվի, ապա դրա ողջ պատասխանատվությունը պետք է ընկնի ոստիկանության և իշխանության վրա»,- նկատեց Հ. Եղնուկյանը` իրավապահ մարմինների այդ քայլերը որակելով որպես հետապնդում Եղնուկյանների ընտանիքի անդամների նկատմամբ: 
 
Նա պահանջում է, որպեսզի ոստիկանությունը հրապարակայնորեն ներողություն խնդրի բոլոր բերման ենթարկվածներից. «Քանի որ մեզ շինծու կասկածանքով են բերման ենթարկել, ուրեմն պետք է ներողություն խնդրեն. Մենք բոլորս ունենք հեղինակություն և արժանապատվություն, որը ոչ ոք իրավունք չունի ոտնահարել»: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play