Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը նախապես ծրագրված է եղել. պարզվել են էական հանգամանքներ


Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը նախապես ծրագրված է եղել. պարզվել են էական հանգամանքներ

  • 23-09-2017 18:46:49   | Հայաստան  |  Իրավունք

 
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին:
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում մահացել է, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը` հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
 
Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։
 
Սեպտեմբերի 15-ին քննիչը որոշում էր կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
 
Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող Ռ. Խաչատրյանը սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձանց հայտնաբերելու, քրեական գործով բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք