Սպասվում է անասնագլխաքանակի մորթ, ինչի հետևանքով թանկանալու են միսն ու կաթը. Բերբերյան. Tert.am

23-09-2017 19:02:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում գարնանն սպասվում է կաթի ու մսի թանկացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: 
 


Վերջինս նշեց, որ անասունները մնացել են առանց անասնակերի, քանի որ երաշտի պատճառով խոտի գինը բարձրացել է, դրա համար անասուններին կերակրող գյուղատնտեսը խոտի վրա ծախսվող գումարի դիմաց կաթն ու միսը հետագայում ավելի թանկ է վաճառելու:
 
«Բոլոր քաղաքակիրթ երկրներում, եթե 25 օր տեղումներ չեն լինում, անձրև չի գալիս, պետությունը երաշտ է հայտարարում: Բայց Հայաստանում դա չարվեց, մարդիկ չհասկացան, որ եթե երաշտ է, խոտը չորացել է, ուրեմն անասնակերի պակաս ենք ունենալու: Սարերում խոտհունձը պետք է հուլիսին կազմակերպվեր, կանաչ խոտը պետք է հնձվեր, որ հիմա այս օրին չհասնեինք ու եթե հնձեին, անտառներում էդքան հրդեհ էլ չէր լինի»,- նշեց Հրաչ Բերբերյանը: 
 
Ըստ նրա՝ խոտի գինը թանկացել է 3 անգամ, եթե նախկինում 1 հակը 400-700 դրամ էր՝ կախված խոտի որակից, ապա այժմ արժե 2000-2500 դրամ:
 
«Մինչև տարվա վերջ մեզ սպասվում է նաև այլ վտանգ՝ անասնագլխաքանակի մորթ է լինելու, որովհետև անասնակեր չկա: Մեր տվյալներով՝ 100 հազար գլուխ կմորթվի: Գարնանը կունենանք թանկ միս: Մորթով պայմանավորված գուցե էժանանա, բայց գարնանը 4000-5000 դրամ կլինի միսը: Կթանկանա նաև կաթը: Կաթի արտադրությունը կնվազի, որովհետև գլխաքանակի մորթ կլինի»,- շեշտեց նա: 
 
Հրաչ Բերբերյանն ասաց, որ այլևս ուշ է որևէ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: «Գյուղատնտեսությունը չի կարող սպասել: Դա արտադրություն է բաց երկնքի տակ: Աշխատել է պետք, սա ամենօրյա աշխատանք է: Հուլիսին պետք էր քայլեր ձեռնարկել, ոչ թե սպասեին՝ տեսնեին թե ինչ է լինելու: Արտասահմաններում ման գալու ժամանակ ունեն, գյուղատնտեսությամբ զբաղվելու ժամանակ չունեն»,- նշեց Բերբերյանը:
 
Տիգրանուհի Մարտիրոսյան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից