«Մենք առաջնորդվում ենք մեր պետական շահով` հաշվի առնելով նաև մեր դաշնակցային պարտավորությունները». Էդուարդ Շարմազանովը` ՄԱԿ-ում վետոյի իրավունքը սահմանափակելու մասին


«Մենք առաջնորդվում ենք մեր պետական շահով` հաշվի առնելով նաև մեր դաշնակցային պարտավորությունները». Էդուարդ Շարմազանովը` ՄԱԿ-ում վետոյի իրավունքը սահմանափակելու մասին

  • 23-09-2017 19:16:41   | Հայաստան  |  Քաղաքական

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների վետոյի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը կներկայացնի արտաքին գործերի նախարարը, որն այնտեղ է գտնվում: Մենք հիմնական բոլոր խնդիրների ժամանակ առաջնորդվում ենք մեր պետական շահով` հաշվի առնելով, բնականաբար, նաև մեր դաշնակցային պարտավորությունները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների վետոյի իրավունքը սահմանափակելու հարցը, որին կողմ է հանդես գալիս 114 երկիր, մինչդեռ Ռուսաստանը դեմ է առաջարկին:
 
Ըստ նրա` ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում մեսիջ ուղարկեց, որ ամեն ինչում առաջինն ԱՄՆ-ն է, և իրենք առաջնորդվում են իրենց պետության շահերով, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Լավրովի համար Ռուսաստանն է առաջինը. «Նոր բան պետք չէ հայտնագործել: Այստեղ տարբեր խնդիրներ կան: Սիրիայում նրանք ոչ թե մրցակցում են, այլ Ասադին պաշտպանում է Ռուսաստանը, իսկ ամերիկացիներն ավելի սերտ հարաբերության մեջ են Ասադին ընդդիմադիր ուժերի հետ: Այստեղ, ինչպես երկրորդ աշխարհամարտի նախօրեին և հետո, աշխարհի տարբեր տեղերում տեղի է ունենում ազդեցության համար պայքար: Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը և՛ նավթով, և՛ աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է: Այդ առումով այդ մրցակցությունը սպասելի է:
 
Մյուս կողմից` խնդիրներ կան Դոնբասում և Հյուսիսային Կորեայում: Վերջինում ավելի շատ ոչ թե՝ ռուս-ամերիկյան, այլ՝ Չինաստան և ԱՄՆ: Չինաստանը բացահայտ հասկացնել տվեց աշխարհին, որ առանց իր մասնակցության՝ Կորեական թերակղզում որևէ լուրջ խաղ անհնար է անել: Բայց այդ խաղում անելիք ունեն թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ ՌԴ-ն: Դոնբաս-Հյուսիսային Կորեա-Մերձավոր Արևելքն այն եռանկյունին է, որտեղ հստակ ռուս-ամերիկյան հարաբերություններն ունենում են մերթընդմերթ հակամարտության երանգներ, իսկ Կորեական թերակղզում առաջնային է դառնում Չինաստանի և ԱՄՆ մրցակցության խնդիրը»:
 
Է.Շարմազանովի կարծիքով` աշխարհը շատ ավելի հստակ դարձավ ՄԱԿ-ում թե՛ Լավրովի, թե՛ Թրամփի ելույթներից հետո, նրանք հստակ ցույց տվեցին իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նա նշեց, որ սա Թրամփի քաղաքական ֆունկցիոնալ առումով ամենալավ ելույթն էր` արտաքին քաղաքական մեսիջների առումով.
 
«Իր ինագուրացիայի օրը նա բացահայտ հանդես եկավ ԱՄՆ շահերի սպասարկման դիրքերից, այսօր այդ մասին նա բացահայտ ասաց: Մյուս կողմից՝ Պուտինն ու Լավրովն էլ ամեն ինչ անելու են իրենց ռուսական շահերը սպասարկելու համար: Այստեղ որևէ արտառոց բան չկա: Եվ, կարծում եմ՝ Սիրիայում «Իսլամական պետության» օրեցօր պարտությունը ռուսական ներկայության արդյունքն է: Այստեղ չտեսնել ռուսական լուրջ ներդրումը տեռորիզմի դեմ պայքարում՝ անշնորհակալ գործ է: Բայց ԱՄՆ-ը և ՌԴ-ն ունեն տարբեր մոտեցումներ իրենց պայքարում` գուցե այդ տարածաշրջանում իրենց ապագա դերակատարման հետ կապված»:
Նոյյան տապան  -   Քաղաքական