Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ

23-09-2017 19:22:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրքական Yeni Şafak պարբերականի լրագրող, գրող Հայրեթին Քարամանի դեմ: Պատճառն օգոստոսի 18-ին պարբերականում Քարամանի հոդվածն է, որը վերնագրված է թուրքական հայտնի ասացվածքով. «Գյավուրից ընկեր, իսկ խոզից կաշի չի լինում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը:
 


Փայլանի անունից Ստամբուլի հանրապետական դատախազություն մեղադրանք ներկայացրած փաստաբան Լևենթ Փիշքինը նշել է, թե իրենց մեղադրականում ընդգծված է, որ «գյավուր» (թարգմանաբար՝ ոչ մուսուլման, անհավատ) բառն օգտագործված է ոչ մուսուլման քաղաքացիներին թիրախավորելու համար:
 
Բացի այդ, մեղադրականում հիշեցվել է, որ երկրի հանրապետական պատմության ընթացքում ատելություն քարոզող խոսքի թիրախ դարձած ազգային փոքրամասնությունների դեմ կիրառվել է Ունեցվածքի հարկը, սեպտեմբերի 6-7-ի կոտորածները, վերջին 10 տարվա ընթացքում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանությունը, Մալաթիայում «Զիրվե» գրախանութի վրա հարձակումը, Տրապիզոնում հայր Սանտորոյի սպանությունը: Մեղադրող կողմն ընդգծել է, որ այս բոլոր հանցանքներն ատելության սերմանման հետևանք են:
 
Հանրապետական դատախազությանը տրված մեղադրականում Հայրեթթին Քարամանըի դեմ մեղադրանքներ են առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 216/1 և 216/2 կետերով՝ «Ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդել կամ նվաստացնել»:
 
 

 

Tert.am

Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից