Ռազմավարություն` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի նպատակով


Ռազմավարություն` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի նպատակով

  • 23-09-2017 20:08:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ողջունելով Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներին` Լևոն Ալթունյանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի ղեկավար, լորդ Արա Դարզին սիրով համաձայնություն է տվել լինելու այս հանձնաժողովի համանախագահը։
 
Նախարարն ընդգծել է, որ առկա իրավիճակը և խնդրի սոցիալական  կարևորությունը  պարտադրում են մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Դա ենթադրում է շրջադարձային քայլերի իրականացում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման գործընթացներն արդի միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
 
«Մեր առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ կյանքի միջին տևողությունն ավելացնելն է։ Այս ոլորտում դրան հասնելու համար միավորել ենք մեր լավագույն մասնագետներին և առողջապահության կազմակերպիչներին»,-նշել է Լևոն Ալթունյանը` պատրաստակամություն հայտնելով մասնակից դառնալու բոլոր քննարկումներին։
 
Ծանոթացնելով հանձնաժողովից ակնկալվող աշխատանքներին ու արդյունքներին` նախարարը խնդիր է դրել առաջին հերթին ուսումնասիրել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջազգային հաջողված փորձերը և վիճակագրական տվյալներ հավաքագրել  Հայաստանում հիվանդության տարածվածության (ըստ ախտահարված օրագան-համակարգի և տեսակի) վերաբերյալ։ Լևոն Ալթունյանը նշել է, որ անհաժեշտության դեպքում հանձնաժողովում նոր մասնագետներ կընդգրկվեն։
 
ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանը և հանձնաժողովի այլ անդամներ, ողջունելով նախարարության այս նախաձեռնությունը, հանդես են եկել տարբեր առաջարկներով։
 
«Մենք պատրաստ ենք ուռուցքաբանության ոլորտում ձեզ հետ համագործակցությունը հասցնելու առավելագույն արդյունավետության։ Դա նշանակում է ուռուցքային հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման աճ և մահացության կրճատում, ինչպես նաև հիվանդացության նվազում»,-ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը` ասել է Լևոն Ալթունյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն