Սպահանի հայոց թեմի ատենապետը ծանր վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց

24-09-2017 16:15:53   | Իրան  |  Քաղաքական
Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան Սպահանում հարձակման է ենթարկվել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը (մականունը՝ Դիդիլ)։
 

Հարձակվողների երեք հոգանոց խումբը, (ծածկած երեսներով), ջարդել են Վարուժի ոտքը, դանակահարել նրան ու ծանր վիրավորել ձեռքերը։ Մահակներով և մետաղյա իրերով հարվածել, ջարդել են ապակիները, կոտրել ու ծակծկել են մեքենան։ Հարձակման պահին Սպահանի թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան վրդ. Քեչեջյանը ինքնաշարժի մեջ է եղել, բայց նրան չեն վնասել։
 
Հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ Թեմականի մեքենայով նրան տուն են հասցրել։ Հարձակվողները ոչ մի իրեղեն չեն գողացել և թիրախավորել են միայն Վարուժի անձը։ 
 
Հատկանշական կետն այն է, որ Վարուժ Մինասյանը և Հայր Սուրբը նոր էին վերադարձել Հայաստանից ու Թեհրանից մեկնել Սպահան։ Մինասյանը և Առաջնորդը փոխելով Երևանից՝ Թեհրան իրենց վերադարձի տոմսի թվականը, շուտ էին վերադարձել Հայաստանից, պատճառաբանելով՝ Իրանում դպրոցների վերաբացմանը իրենց ներկա լինելու անհրաժեշտությունը։ Ուստի այն տպավորությունը կա, որ հարձակման կազմակերպողները լավատեղյակ են եղել նրանց վերադարձի մանրամասնությունների և Վարուժ Մինասյանի տան հասցեի մասին։
 
Հարձակվողները արծաթագույն ՛՛Փեժո՛՛ (Peugeot) ինքնաշարժով փախուստի են դիմել վայրից և Վարուժանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մասին։
 
Հարձակվողների երեսների ծածկված լինելը, ավելի է շեշտադրում, հարձակվողների ծանոթ լինելու հավանականությունը։
 
Անհասկանալի է, որ դեպքից օրեր անց Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդը այս մասին լուռ է մնում և ոչ մի տեղեկատվություն չի հրապարակում։
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից