Արցախում կայացավ ԶԼՄ-ների միջազգային ֆուտբոլային մրցաշարը


Արցախում կայացավ ԶԼՄ-ների միջազգային ֆուտբոլային մրցաշարը

  • 25-09-2017 16:39:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Սպորտ

 
 
Արցախի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև անցկացված միջազգային մրցաշարը: Մրցումները իրականացվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: 
 
Մրցաշարին աջակցում էին նաև Արցախի Հանրապետության նախագահն ու կառավարությունը, ինչպես նաև՝ «Արցախբանկ» ՓԲԸ, «Արցախ բրենդի կոմպանի» և «Սիլ Մաազա» ընկերությունները: Կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): Մրցաշարին մասնակցում էին 5 ֆուտբոլային թիմեր՝ Ռուսաստանի միացյալ հավաքականը, որը կազմված էր Վոլգոգրադ և Բրյանսկ քաղաքների լրագրողներից, Ջավախքը (Վրաստան), Ուկրաինայի թիմը, Հայաստանի լրագրողների հավաքականը և Արցախը: Մրցաշարը անցավ մեկ օրվա ընթացքում, և քանի որ խաղերը կրում էին սիրողական բնույթ, որոշված էր ամեն մի խաղակեսը սահմանել 10 րոպե, իսկ ընդհանուր տևողություն` 20 րոպե: 
Արցախցիների մոտ մրցաշարը առաջացրել էր մեծ հետաքրքրություն՝ Ստեփանակերտի Շահումյանի անվան 10 հազարանոց կենտրոնական մարզադաշտը, որտեղ անցնում էին խաղերը, գրեթե լի էր երկրպագուներով: Իսկ պատանի արցախցի ֆուտբոլիստները շտապում էին ինքնագրեր վերցնել մասնակիցներից: 
Մրցաշարի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ  նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք: 
Բոլոր թիմերը խաղացին մեկը մյուսի հետ, և հաղթող ճանաչվեց լավագույն արդյունք ցույց տված Արցախի հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ջավախքի և Ռուսաստանի լրագրողները, իսկ Հայաստանը կիսեց 4-5 տեղերը Ուկրաինայի թիմի հետ: Մրցանակաբաշխությունը կատարվեց նախագահ Բակո Սահակյանի կողմից: 
Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օդեսայից (Ուկրաինա) ժամանած լրագրող Ռուսլան Միխայլևսկին, պաշտպան՝ Կարեն Պետրոսյանը (ԼՂՀ), կիսապաշտպան՝ Տիգրան Հովհաննիսյանը (Հայաստան), հարձակվող՝ Գուրգեն Գաբրիելյանը (Ջավախք), ռմբարկու՝ 10 գոլ խփած Արարատ Ղազարյանը (ԼՂՀ): 
Մրցաշարի կազմակերպիչ, ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց. «Այս միջոցառման անցկացումը կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապն Արցախի և միջազգային մամուլի ներկայացուցիչների միջև, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու և լինելու իր երկրի ճակատագրի տերը»: 
Սա արդեն 2-րդ միջազգային ֆուտբոլային մրցաշարն է ԶԼՄ-ների միջև, որը անցկացվում է Արցախի հանրապետությունում: Առաջին անգամ այսպիսի մրցաշար ԱԹԱ-ն կազմակերպել է 2009 թվականին:
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նոյյան տապան  -   Սպորտ