Նոր բջջային հավելվածը կօգնի հայտնաբերել և մաքրել ՀՀ աղբավայրերը (տեսանյութ)


Նոր բջջային հավելվածը կօգնի հայտնաբերել և մաքրել ՀՀ աղբավայրերը (տեսանյութ)

  • 26-09-2017 11:32:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Այսուհետև աղբավայրերի, աղբակույտերի մասին մեզ կհուշի CLEAN ARMENIA բջջային հավելվածը և կօգնի հնարավորինս շուտ ազատվել դրանցից։ Նախաձեռնությունը «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն է, որն իր ծրագիրն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
 
«Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշում է, որ «Հեծանվորդները՝ հանուն մաքուր Երևանի» ծրագրի շրջանակներում ստեղծված բջջային հավելվածը հնարավորություն կտա նախ բացահայտելու, ապա վերացնելու Հայաստանի ողջ տարածքում առկա աղբավայրերը: Հավելվածը կարող է ներբեռնել ցանկացած մարդ, ով բնակվում է Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում: Քաղաքացին, հանդիպելով աղբակույտերի, տեղում նկարում և տեղադրում է բջջային հավելվածում:
CLEAN ARMENIA բջջային հավելվածի ադմինիստրատորը մշտապես կապի մեջ է համապատասխան պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների հետ: 
Տվյալ աղբակույտի վերացումից հետո քարտեզից վերանում է աղբավայրի նշանը, իսկ բջջային հավելվածի առանձին բաժնում տեղադրվում է տվյալ մաքրված վայրի լուսանկարը:
Բջջային հավելվածը նախատեսված է iOS և Android հարթակների համար, և շատ շուտով այն կգործարկվի։ 
Արման Անտոնյանը նշեց, որ հավելվածի ստեղծման ընթացքում նկատել են, որ բնակիչները, աղբահանությունից բացի, այլ խնդիրներ էլ են բարձրացնում, ուստի ծրագրի իրագործման ընթացքում որոշվեց ընդլայնել ծավալները. արդեն նոր՝ MY ARMENIA հավելվածի շրջանակներում վեր կհանվի ոչ միայն աղբավայրերի ու աղբակույտերի հարցը,  այլև կենցաղային այլ խնդիրներ նույնպես։
Նշենք, որ հասարակական կազմակերպության միջոցով քարտեզագրվել են Երևանի վարչական շրջանների աղբավայրերը։ Ստեղծված հավելվածը կօգնի քաղաքային իշխանություններին, աղբահանություն իրականացնող կազմակերպությանն ավելի հեշտ համակարգել իրենց աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան կազմակերպել էր նաև Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի այգու մաքրման աշխատանքները։
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play