Դիեգո Կարամանուկյանն այցելել է Սփյուռքի նախարարություն


Դիեգո Կարամանուկյանն այցելել է Սփյուռքի նախարարություն

  • 26-09-2017 18:46:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն, լրագրող Դիեգո Կարամանուկյանին:
 
 Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ լրագրողի ազգանպաստ գործունեությունը, հետաքրքրվեց համայնքի նորություններով և «Հյաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովից ստացած տպավորություններով:
 
Հայազգի լրագրողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար համար և նշեց, որ  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախադեպ չունեցող շատ կարևոր և արդյունավետ հավաք էր, որտեղ ներկայացվեցին ուշագրավ տեսակետներ, առաջարկներ, որոնք հետո ծրագրեր կդառնան:
 
Խոսելով Ուրուգվայի հայկական համայնքի ներկա իրավիճակի մասին՝ Դիեգո Կարամանուկյանը նշեց, որ ուրուգվահայությունն իր կենսակերպով շատ է կապված Հայաստանի և հայ մշակույթի հետ, անգամ, եթե իրենք մեկ բառ անգամ չեն հասկանում հայերեն. «15 հազար հայ կա Ուրուգվայում: Ունենք երկու հայկական դպրոց: Սակայն պետք է նշեմ, որ Ուրուգվայում, այն ինչ հայկական է, վտանգված է, վտանգված է հայոց լեզուն, քանի որ կրթական ծրագրերում կան մեծ տարբերություններ և հայոց լեզուն դասավանդվում է շատ քիչ ժամաքանակով: Ուրուգվայում հայերը՝ հաճախ անգամ հայերեն չհասկանալով, հաճույքով են լսում հայկական ռադիոյի հաղորդումները,  հայերեն երգեր եւ երաժշտություն: Անհանգստացնող է, որ վերջին շրջանում սկսել են շատ ավելի քիչ մասնակցել հայկական կյանքին, փակվում են հայկական դպրոցներ, կրթօջախներ, սահմանափակվել է, օրինակ, ռադիոյով հեռարձակվող հայկական հաղորդման և երգերի հեռարձակումը: Հազվադեպ են մշակութային շփումները: Ադրբեջանը Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի: Եվ այստեղ Հայաստանը շատ մեծ անելիք ունի», - հավելեց նա:
 
Քննարկվեցին համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համատեղ ծրագրեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն