Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ


Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ

  • 26-09-2017 19:42:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ:
 
Նախկինում որպես արվեստանոց ծառայող տարածքն Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է, ձևավորվել և ապահովվել ջեռուցման համակարգով: Ցուցասրահում ներկայացվել են շուրջ 50 աշխատանքներ, այդ թվում՝ ինչպես նկարչուհու նոր, այնպես էլ արդեն հայտնի տարբեր յուղաներկ աշխատանքներ: Այստեղ տեղ են գտել նաև Լուսիկ Ագուլեցու ամուսնու՝ քանդակագործ Յուրի Սամվելյանի որոշ աշխատանքներ: 
 
Ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, արվեստագետներ և արվեստասերներ:
 
«Մայրաքաղաքի այս գողտրիկ, միաժամանակ շատ կարևոր անկյունն իր ուրույն դերն ունի Երևանի կյանքում՝ որպես հայ մշակույթը ներկայացնող ու սերունդներին հայեցի դաստիարակող կենտրոն: Վստահ եմ, որ առաջիկայում այն կդառնա նաև մայրաքաղաքի զբոսաշրջային այցեքարտերից մեկը, իսկ ցուցասրահի բացումը, անշուշտ, նոր շունչ կհաղորդի և նոր մտահղացումներ կձևավորի: Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշտապես պատրաստ է աջակցելու հետաքրքիր գաղափարների կյանքի կոչմանը»,-նշել է Արամ Սուքիասյանը:
 
Լուսիկ Ագուլեցին իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին մշտական աջակցության և պատրաստակամության համար, ընդգծելով, որ քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվող վերաբերմունքն իրեն ոգևորում է ստեղծագործելու և նոր նախաձեռնություններն իրագործելու հարցում:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն