Հզոր պայթյուններով ուղեկցվող ահավոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինապահեստներից մեկում (տեսանյութեր)
27-09-2017 12:00:48 | Ուկրաինա | Միջազգային
Երեկ երեկոյան Ուկրաինայում հերթական անգամ հրդեհ է բռնկվել զինապահեստներից մեկում, որին զուգահեռ սկսվել ու դեռ շարունակվում է հզոր պայթյունների շարքը:
Վիննիցայի մարզում, Կալինովկա քաղաքի շրջանում տեխնածին աղետի պատճառով Ուկրաինան ստիպված է եղել Վիննիցայի մարզում գտնվող զենքի և զինամթերքների պահեստի վերևում 50 կմ շառավիղով փակել օդային տարածությունը: Ինքնաթիռներին և ուղղաթիռներին արգելված է ցանկացած բարձրության վրա մտնել վտանգավոր գոտի: Այս մասին Ֆեյսբուքի իր նէջում հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Յուրի Լավերնյուկը: Դատելով ամենից, զինապահեստում կան ու դեռ շարունակում են պայթել նաև հրթիռներ:
Միաժամանակ տրանսպորտային բոլոր միջոցների համար արգելված է երթևեկությունը պետական նշանակության Մ-21 Ժիտոմիր- Մոգիլև- Պոդոլսկ ավտոճանապարհով: Հարավ- արևմտյան երկաթուղին փակել է գնացքների երթևեկությունը Սոսենկո- Կալինովկա հատվածում: Արտակարգ իրավիճակի վայր է են ուղարկվելու հրշեջ գնացք և ականազերծողների խումբ: Նախապատրաստվում է մարդատար գնացք` այնտեղից բնակչության տարհանման համար: Այժմ Վիննիցայի մարզում ավելի քան 1000 հրշեջ փորձում է հանգցնել հրդեհը: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: