Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացը վտանգավոր է եզդիների համար


Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացը վտանգավոր է եզդիների համար

  • 27-09-2017 18:44:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Իրաքյան Քուրդիստանը մշտապես որդեգրել է տեղի փոքրամասնություններին ասիմիլացիայի ենթարկելու քաղաքականությունը»,- համոզված է ՀՀ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ, «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը: 
 
Ըստ նրա` Իրաքյան Քուրդիստանն անկախության հանրաքվե անցկացնելու պատճառ բերում է Իրաքի կրոնական երկիր լինելը և իր` ոչ կրոնական պետություն կառուցելու ձգտումը, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: 
 
«Իրաքյան Քուրդիստանում մարդիկ սպանվում են իրենց էթնիկ կրոնական պատկանելիության համար: Թեպետ թղթի վրա Իրաքյան Քուրդիստանը հանդես է գալիս ոչ կրոնական երկիր լինելու դիրքերից, այդուհանդերձ երկրի ղեկավար կազմի անդամների տեքստերում իսլամական տարրերը գերակշռում են»,- նկատեց Ս. Սուլթանյանը` հավելելով, որ դեպքեր են եղել, երբ ԶԼՄ-ների միջոցով այդ ինքնավարության մուսուլման առաջնորդները կոչ են արել եզդիներին սպանել որպես անհավատների: 
 
Նրա կարծիքով` Իրաքյան Քուրդիստանի աստղային ժամը եկել է այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց Հյուսիսային Իրաքի վրա: 
«Որպես ուժ ունեցող տեղի ինքնավարություն` Իրաքյան Քուրդիստանը մեծաքանակ օժանդակություն ստացավ Եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից»,- նշեց բանախոսը:
 
Ս. Սուլթանյանը վերհիշեց նաև մի ուշագրաֆ հանգամանքի` եզդիների ցեղասպանության  մասին: 
Նրա խոսքերով` դեռևս 2014 թվականին Իրաքյան Քուրդիստանը որպես տարածքային միավոր հանձն էր առել եզդիական Սինջար և Շանգալ շրջանների պաշտպանությունը, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների` այդ բնակավայրեր մուտք գործելուց հետո, կանխամտածված կերպով բանակը հետ է քաշել` եզդիներին ենթարկելով ցեղասպանության:  
 
Ս. Սուլթանյանի պնդմամբ` Իրաքյան Քուրդիստանի` ավելի ժողովրդավար երկիր ներկայանալու ձգտումը, պարզապես միֆ է ոչ միայն եզդիների, այլև ամբողջ էթնիկ կրոնական փոքրամասնությունների համար: 
 
«Շամս մարդասիրական» ՀԿ նախագահ, արևելագետ  Ռուստամ Բաքոյանի փոխանցմամբ` Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնելու հետ կապված ընտրական պրոցեսը սկսվել է դեռևս երեք ամիս առաջ, երբ Իրաքյան Քուրդիստանի տարածքում գոյություն ունեցող եզդիական ճամբարներում հավաքել են մարդկանց անձնագրերը և ընտրությունների օրը փաստացի լցոնված արկղեր տեղադրել ընտրատեղամասերում: 
 
Նրա խոսքերով` վերոնշյալի մասին ապացուցում են փախստական դարձած եզդիների կողմից արված լուսանկարները: 
Ռ. Բաքոյանի տեղեկացմամբ` այն եզդիները, որոնք գտնվում են Սիրիայի և Թուրքիայի տարածքում, պահանջում են, որպեսզի Սինջարը չմտնի Իրաքյան Քուրդիստանի կազմի մեջ: 
 
«Իրաքյան Քուրդիստանի կոնկրետ քաղաքականությունն է Սինջարը կամ ամբողջությամբ վերցնել իրենց վերահսկողության տակ, կամ բաժանել երկու մասի. Մի մասը գտնվում է Իրաքյան Քուրդիստանի վերահսկողության տակ, իսկ մյուսը` Իրաքի տարածքում է»,- նշեց նա: 
 
Բանախոսները համոզված են, որ Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացը վտանգավոր է եզդիների համար, ինչի արդյունքում վերջիններս տարբեր ճանապարհներով արդեն իսկ դուրս են գալիս Իրաքյան Քրդստանի տարածքից: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play