Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա մեկնող չվերթի ուղևորներին առավոտյան ժամը 10-ից սպասեցրել են, հիմա էլ օդանավակայանից դուրս են հրավիրում (տեսանյութ)


Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա մեկնող չվերթի ուղևորներին առավոտյան ժամը 10-ից սպասեցրել են, հիմա էլ օդանավակայանից դուրս են հրավիրում (տեսանյութ)

  • 29-09-2017 19:39:30   | Հայաստան  |  Հասարակություն



Այս պահին լարված իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: 168.am-ին Մոսկվա մեկնող օդանավի ուղևորները պատմեցին, որ առավոտյան ժամը 10-ից օդանավակայանում են, իսկ հիմա նրանց ասում են, որ պետք է հեռանան այնտեղից: Նշենք, որ չվերթը պետք  է իրականացներ «Վիմ ավիա» ընկերությունը:
 
«Առավոտվա ժամը 7-ին իմ հեռախոսին նամակ է եկել, որ 13:20 պետք է մեր օդանավը թռնի: Մենք 10:30-ից եկել ենք այստեղ, իրենք մեզ ընդունել են, մեր ուղեբեռն ընդունել են, մեզ ուղարկել են սպասասրահ: Մենք մինչև հիմա այստեղ ենք: Ինձ հետ 3 թոռներս են, որոնցից մեկը 1 ամսական է, մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 8: Ոչնչով իրենք մեզ չեն օգնում, անգամ ջուր չեն տալիս էս էրեխեքին»,-168.am-ին ասաց  Ռուսաստանի քաղաքացի Նաիրա Այվազյանը:
 
Մեր հարցին, թե ինչո՞վ են բացատրում այս ամենը՝ Ն. Այվազյանն այսպես պատասխանեց. «Ես իրենց մոտեցել եմ, իրենք ասում են՝ Մոսկվայից են ձեզ նամակն ուղարկել: Զանգել ենք Մոսկվա, այնտեղից ասում են՝ «մեր ինքնաթիռն այդտեղ է, խնդիրը «Զվարթնոցի» մեջ է, իրենք չեն ուղարկում ուղևորներին»: Իսկ հիմա այստեղ 300 մարդ կա, բոլորին ասում են՝ այստեղից դուրս եկեք, ձեր իրերը վերցրեք, կարող է՝ ուրիշ տոմսեր գնեք, որ թռնեք: Իրենք ոչինչ չգիտեն, ասում են՝ ընկերությունը բանկրոտ ա եղել, մենք ոչինչ չենք կարող ասել: Հիմա ասում են՝ դուրս եկեք այստեղից, մեկ ամսական երեխու հետ ես ո՞ւր գնամ»:
 
Մեր ճշտող հարցին, թե՝ դա ձեզ «Վիմ ավիա» ընկերության ներկայացուցիչնե՞րն են ասում, Ն. Այվազյանը պատասխանեց, որ՝ այո: Նա նաև ասաց, որ այս ընթացքում իրենց ո՛չ սնունդ են տվել, ո՛չ ջուր:
 
«Ժամը 11-ից օդանավակայանում ենք, ամեն ինչ անցել ենք, առավոտվանից այստեղ նստած ենք, հաշմանդամ մարդ կա, փոքր երեխաներ կան, այս կարգի արհամարհանք ժողովրդի նկատմամբ կարելի՞ է: Դրսում լաց ենք լինում՝ հայրենիքի ձայն ենք լսում, իսկ հիմա եկել են, մեզ համոզում են՝ այստեղից դուրս եկեք օդանավակայանից, գնացեք «Վիմ» ընկերություն, ձեր բողոքները ներկայացրեք: Մարդիկ կան՝ շրջաններից են եկել, ո՞ւր գնանք: Քաղաքակիրթ օդանավակայաններում գոնե սենց դեպքերում մարդկանց ջուր կամ սնունդ են տալիս, էս ի՞նչ է»,- մեզ հետ զրույցում ասաց ուղևորներից Ալվարդ Եսայանը:
 
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից մեզ հորդորեցին խնդրի մանրամասները ճշտել «Վիմ ավիա» ընկերությունից, իսկ «Վիմ ավիա» ընկերության ներկայացուցիչը չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ ինքն ուղևորների հետ է աշխատում և այդ հարցերին իրավասու չէ պատասխանել:
Նոյյան տապան  -   Հասարակություն