Դա կարող է հենց այն կայծը լինել, որից Հայաստանից ոչ հեռու տարածաշրջանում կբռնկվի մեծ պատերազմի հրդեհը


Դա կարող է հենց այն կայծը լինել, որից Հայաստանից ոչ հեռու տարածաշրջանում կբռնկվի մեծ պատերազմի հրդեհը

  • 30-09-2017 21:42:19   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
 
Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեն ու դրա արդյունքում Քուրդստանն անկախ և առանձին պետություն հռչակելն արդեն իսկ տեղիք է տվել Իրաքում և Իրաքից դուրս լուրջ զարգացումների:
Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Իրաքից Քուրդստանի անջատումը, հետագայում նաև հզորացումը Իսրայելի և ԱՄՆ-ի միջոցով (վերջինս այժմ ձևականորեն դատապարտում է Քուրդստանի անջատումը), ուշ թե շուտ, հանգեցնելու են նաև Թուրքիայի մասնատմանը: Թուրքիայի տարածքում ապրող քրդերն առավել մեծ զորությամբ, քան երբևէ, գլուխ են բարձրացնելու և Իրաքի Քուրդստանի աջակցությամբ փորձելու են անջատվել Թուրքիայից` նրանից պոկելով մի հսկայական տարածք: Թուրքիան հասկանում է նաև, որ Իրաքի Քուրդստանի անջատումը Մերձավոր Արևելքի, այդ թվում նաև իր քարտեզի վերաձևմանը նպատակաուղղված Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ծրագրի կարևոր բաղկացուցիչն է: Սա հասկանում է նաև Իրանը…
Վերջինս նույնպես իր տարածքում քրդերի հնարավոր անջատական շարժումից անհանգստանալու հիմքեր ունի, քանզի Իրաքին սահմանակից հատվածում հսկայաքանակ քուրդ բնակչություն է ապրում, ու բավական է մի օր կայծ կամ կայծ տվող լինի, ու հրդեհը կբռնկվի… Սակայն, բացի դրանից, Իրանն ավելի մեծ չափով, քան Իրաքը, անհանգստացած է այն հանգամանքից, որ իր քթի տակ ինքնահռչակված Քուրդստանի ամենամեծ դաշնակիցը, ավելին` Քուրդստանի անջատման հանրաքվեի ետևում ու նրա ծննդյան խանձարուրի մոտ կանգնած արտաքին ուժն Իսրայելն է: «The Washington Post» թերթի տեղեկացմամբ, «Իսրայելական սպիտակ-կապույտ դրոշները դարձել են սովորական երևույթ Քուրդստանի տարածաշրջանային կենտրոնում՝ Էրբիլում, որոշ քրդեր դրոշները տեղադրում են իրենց մեքենաների վրա, ոմանք դրանք ոգևորված թափահարում էին անկախության հանրաքվեից առաջ անցկացված ցույցերի ժամանակ… Քվեարկության նախօրեին Իսրայելն ակտիվորեն ելույթ էր ունենում հօգուտ քրդերի անկախության, և զարմանալի էր հետևել այդ պատկերին տարածաշրջանում, որտեղ հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես են իսրայելական դրոշները ոտնատակ գցում կամ այրում»:
Այս ամենը նկատի ունենալով, Իրանը գիտակցում է, որ իր սահմանների անմիջական հարևանությամբ ստեղծվում է երկրորդ Իսրայել կամ, որպես պետություն, ծնվում է Իսրայելի ապագա ռազմավարական դաշնակիցը, որն իր ծննդյան ու կայացման համար Իսրայելին ոչ հեռավոր ապագայում կարող է վարձահատույց լինել` նրան թույլատրելով իր տարածքում դնել հրթիռներ և ավիաբազա` ուղղված Իրանի դեմ: Նաև` հետախուզական ստորաբաժանում ու համապատասխան սարքավորումներ…
Առավելապես հենց վերը նշված սպառնալիքներով է պայմանավորված Իրաքի Քուրդստանի անջատումն անթույլատրելի և անընդունելի համարելու Թուրքիայի և Իրանի դիրքորոշումը, թեև արտաքնապես, գուցե և միանգամայն հիմնավոր կերպով, դա պատճառաբանվում է այլ կերպ:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Հոսեյն Նաղավի Հոսեյնին Իրաքի Քուրդստանի անջատման հանրաքվեի կապակցությամբ հայտարարել է. «Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն դեմ է այդ երկրի սահմանադրությանը»:
Հիշյալ հանձնաժողովի խոսնակը հավելել է, որ հանրաքվեն հակասում է միջազգային սկզբունքներին ու օրենքներին և դեմ է Իրաքի սահմանադրությանը, որի օգտին քվեարկել է Իրաքի ողջ ժողովուրդը:
«Իրաքի ժողովուրդն է ընդունել այդ երկրի սահմանադրությունը և դրանում ոչ մի փոփոխություն չպետք է լինի»,- ասել է Հոսեյն Նաղավի Հոսեյնին:
Վերջինս նշել է, որ Քուրդստանը Իրաքի տարածքի մի մասն է:
«Իրաքի Սահմանադրությունն ընդունվել է այն ժամանակ, երբ այդ երկրում ապրել են քրդերը և արաբները, և երկրների ներքին կառուցվածքում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի տվյալ երկրի Սահմանադրության շրջանակում»,- ասել է խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը:
Նկատի ունենալով Իրաքի Քուրդստանի անջատման հետևանքով Իրանի անվտանգության նկատմամբ առաջացած մարտահրավերները, թերևս նաև` ռազմական հնարավոր զարգացումները, Իրանի զինված ուժերի հրամանատարները քննարկել են հիշյալ իրադարձությանը հետևող զարգացումները Իրաքում ու նրա տարածքից դուրս:
Իրան-Իրաք ընդհանուր սահմանային անցակետերում Իրաքի կենտրոնական կառավարության վերահսկման հաստատման հարցով, ինչպես նաև Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հիմքով Իրանի քաղաքականության գործադրման շրջանակում Իրաքի իշխանության դիմումից հետո Իրանի զինված ուժերի գլխավեր շտապի պետ, բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերիի գլխավորությամբ այսօր անցկացվել է Իրանի զինված ուժերի հրամանատարների նիստը:
«Նիստի ընթացքում կրկին ընդգծելով, որ Քուրդստանի անջատման հանրաքվեն անօրինական բնույթ է կրում, համապատասխան որոշումներ ենք կայացրել սահմանների անվտանգության ապահովման և երկու երկրների սահմանային համատեղ անցակետերում Իրաքի կենտրոնական կառավարության ուժերի ընդունման համար»,- Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն, հիշյալ նիստի առնչությամբ ասել է ԻԻՀ-ի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Սեյեդ Մասուդ Ջազայերին:
Հավելենք, որ սահմանային համատեղ անցակետերը, որոնք Իրաքի կենտրոնական կառավարությանը հանձնելու վերջնագրային պահանջը Իրաքից անջատված Քուրդստանի ղեկավարությունը չկատարեց, Իրաքի կողմից գտնվում են Քուրդստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում, թե վերջինս ինչպե՞ս է վերաբերվելու այնտեղ Իրաքի կենտրոնական կառավարության զինյալ ուժերի հայտնվելուն, դժվար է միանշանակ ասել, բայց այդ վերաբերմունքը կարող է հենց այն կայծը լինել, որից մեզանից ոչ հեռու տարածաշրջանում կբռնկվի մեծ պատերազմի հրդեհը: Եթե «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական կառույցը Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և այլ պետությունների աջակցությամբ կարողացավ այդքան խառնել աշխարհը, այդքան մեծ ավերի և արյունահեղության պատճառ դառնալ, այդքան երկար դիմադրել Սիրիային նույնիսկ Ռուսաստանի և Իրանի պես հզոր պետությունների աջակցության պայմաններում, ապա թեկուզ միայն Իրաքի Քուրդստանի քրդերը` «Իսլամական պետության» կողմում կռվողներից անհամեմատ մեծաթիվ, ունենալով Իսրայելի, ապագայում թերևս նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի աջակցությունը, տարածաշրջանում ինչպիսի՞ փոթորիկ կարող են առաջացնել …
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական