Ավան համայնքում հուլիսից գործարկված գյուղարտադրանքի մթերման կետի շնորհիվ բնակիչներն ավելի քան 13 տոննա թարմ գյուղմթերք են իրացրել


Ավան համայնքում հուլիսից գործարկված գյուղարտադրանքի մթերման կետի շնորհիվ բնակիչներն ավելի քան 13 տոննա թարմ գյուղմթերք են իրացրել

  • 02-10-2017 12:34:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արագածոտնի մարզի Ավան համայնքում 2017 թվականի հուլիսից գործարկված գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետի շնորհիվ համայնքի բնակիչները կարողացել են շուկայական գներով մթերել շուրջ 8000 կգ խոզի միս, 2000 կգ տավարի միս, 1տոննա մեղր, 2 տոննա պանիր: Կարճ ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 50 միլիոն դրամի առևտրաշրջանառություն:  
 
Վերոնշյալ նախագիծը ՀՀ-ում առաջինն է և իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում՝ հիմքեր ստեղծելով գյուղի արտադրողի և տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցության, սոցիալական ձեռներեցության, պատասխանատու բիզնեսի նոր մշակույթի ձևավորման համար: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը, իրենց նախաձեռնության նպատակն է լինել գյուղի և գյուղացու կողքին՝ մի կողմից թեթևացնելով վերջինիս ֆինանսական բեռը, մյուս կողմից տալով հնարավորություն թարմ ու սննդարար մթերք մատակարարել հայ սպառողին: 
 
«Բացի այդ, գյուղմթերքն իրացնելու համար այլևս Երևան կամ մոտակա քաղաքներ հասնելու անհրաժեշտություն չկա: Ամեն օր մեր մեքենան մոտենում է մթերման կետ և տեղափոխում գյուղմթերքը: Ընդ որում, մինչև սպառողին հասնելը մթերքը հատուկ մշակում է անցնում մեր խոհանոցում»,- փաստեց նա:
 
Դավիթ Երեմյանի խոսքերով՝ գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետի գործարկման շնորհիվ Ավան համայնքում ստեղծվել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի  համայնքի բնակիչները լինեն մրցունակ աշխատաշուկայնում՝ նրանց մոտ  ձևավորելով բիզնես մտածողություն: 
«Երեմյան Փրոջեքթս»-ն իր սոցիալական նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերում է նաև աջակցություն դեղորայքի և անասնակերի ձեռքբերման հարցում:
 
Ներկայումս Արագածոտնի մարզի Ավան համայնքն ունի 220 տնտեսություն, այստեղ ապրում է 860 մարդ, բնակիչների հիմնական զբաղմունքը խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, այգեգործությունը  և բանջարաբուծությունն է:
 
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետի ստեղծման համար  ընտրվեց հենց Ավան համայնքը, Դավիթ Երեմյանը նշեց. «Ես մանկության շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ այս գյուղի հետ կապված, Ավանն իմ մայրիկի գյուղն է: Տեղի բնակիչներն աշխատասեր, զուսպ, ազնիվ մարդիկ են, շատ բան եմ սովորել իրենցից։ Բացի այդ, Ավան համայնքը բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման առումով»:
 
«Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիրը նկատեց, որ գյուղի ամբողջ ներուժը դեռևս բացահայտված չէ, ուստի առայժմ այլ համայնքների հետ համագործակցելու մասին չեն մտածում: 
 
Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանն իր երախտիքի խոսքը հայտնեց «Երեմյան Փրոջեքթս»-ին իրենց գյուղի տնտեսության մեջ ունեցած նշանակալի ներդրման համար. «Ցանկանում եմ գյուղի անունից շնորհակալություն հայտնել` մեզ լավատեսություն ներշնչելու և հնարավորություն տալու շարունակելու ապրել և արարել այստեղ՝ չհեռանալով և չդատարկելով գյուղը: Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն ու այգեգործությունն է, այսօր բնակիչները շատ ոգևորված են, նրանք ապահովված են աշխատանքով և ունեն կայուն եկամոտ: Տեսնելով, որ իրենք գնահատված են իրենց աշխատանքում, բնակիչները սկսել են բազմացնել անասուների քանակը՝ ավելի շատ գյուղմթերք իրացնելու և գյուղը զարգացնելու նպատակով»:
 
Գյուղի բնակիչ Ռոբերտ Հարությունյանն արդեն 3 ամիս շարունակ մթերման կետ է հանձնում մսամթերք և կաթնամթերք, գոհ է և´ եկամուտից, և´ մթերման կազմակերպման գործընթացից. «Այն ժամանակ, երբ մթերքը գյուղացին ինքն էր տեղափոխում քաղաք,  ուներ և´ ճանապարհածախսի, և´ սպառման հետ կապված դժվարություններ: Ավելի շատ վերավաճառողն էր օգտվում, քան գյուղացին: Իսկ հիմա մենք 20-30 % օգուտ ենք քաղում մեր արտադրանքի մեջ»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play