Էլ կա՞ն հայեր, որոնք նույնիսկ Լաս Վեգասի «ահաբեկչությունից» հետո ցանկանում են գնալ և ապրել ԱՄՆ-ում (տեսանյութեր և ֆոտոշարք)


Էլ կա՞ն հայեր, որոնք նույնիսկ Լաս Վեգասի «ահաբեկչությունից» հետո ցանկանում են գնալ և ապրել ԱՄՆ-ում (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 02-10-2017 23:34:48   | ԱՄՆ  |  Իրավունք



 
 
 
Լաս Վեգասի ահաբեկչության» զոհերի թիվն արդեն հասել է 58-ի ու դեռ կարող է աճել, քանի որ շուրջ 40 վիրավորների թվում կան ծանր վիրավորներ: Ցավոք, տուժածների շարքում, որոշ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, կան նաև հայեր:
Վաթսունչորսամյա Ստեֆն Փեդոքը, ով երեկ երեկոյան Լաս Վեգասում, օդանավակայանի ու «Mandalay Bay» հյուրանոց- խաղատան միջև ընկած տարածքում անցկացվող «Route 91» երաժշտական փառատոնի բազմահազար մասնակիցների վրա կրակ էր բացել «Mandalay Bay» հյուրանոցի 32-րդ հարկի պատշգամբներից, մինչև ոստիկանների ժամանելն ինքնասպան է եղել: Բացօթյա համերգին ներկա են եղել տասնակ հազարավոր մարդիկ։ Լսելով ինքնաձիգից արձակվող կրակոցների ձայնը, երաժշտական փառատոնի մասնակիցների մի մասը սկզբում կարծել է, թե դա շոուի ընթացքում հնարավոր հրավառության ձայնն է:
Թեև «ահաբեկչության» պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնելով նաև, թե Փեդոքն իբրև իսլամ էր ընդունել, սակայն լուրջ կասկածներ կան, թե տեղի ունեցածն «Իսլամական պետության» կազմակերպածն է: Շատ ավելի հավանական է, որ Ստեֆն Փեդոքն ամերիկյան հասարակության մեջ մեծ թիվ կազմող այն անձանցից մեկն է եղել, որոնք թեև բացահայտ հոգեկան հիվանդներ չեն և շրջապատի վրա արտաքուստ գուցե չեն թողնում հոգեկան հիվանդի տպավորություն, սակայն իրականում ունեն հոգեկան ինչ-ինչ շեղումներ: Դեռ բացառված չէ նաև, որ տասնյակ մարդկանց այն աշխարհն ուղարկած Փեդոքը պարզապես թմրանյութի ազդեցության տակ է եղել…
Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» կողմից «ահաբեկչության» պատասխանատվությունն իր վրա վերցնելուն, ապա հիշյալ ահաբեկչական կազմակերպությունն, ամենայն հավանականությամբ, օգտվել է առիթից` ամերիկյան հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև ԱՄՆ-ի հասարակությանը և աշխարհին հիշեցնելու, որ ինքը դեռ ոչ միայն կա, այլև այնքան կարողություն կամ երկար ձեռքեր ունի, որ կարող է նույնիսկ հզոր և ահաբեկչությունից լավ պաշտպանված ԱՄՆ-ում նման ահաբեկչություն կազմակերպել: Դե հիմա Ստեֆն Փեդոքը մահացած է, հո չի՞ասելու, որ ինքն «Իսլամական պետության» հետ որևէ կապ չի ունեցել:
Վկայակոչելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների, «Reuters»-ն արդեն հայտնել է, որ ոչ մի ապացույց չկա առ այն, որ Լաս Վեգասում բազմահազար անձանց ուղղությամբ կրակ բացած անձը կապեր ուներ ահաբեկչական խմբավորումների հետ։ Հիշյալ լրատվական գործակալության աղբյուրներից մեկն ուղղակի հերքել է «Իսլամական պետության» հայտարարությունը, որով վերջինս «ահաբեկչության» պատասխանատվությունն իր վրա էր վերցրել: «Reuters»-ի աղբյուրը ասել է նաև, որ կան պատճառներ ենթադրելու Փեդոքի` հոգեկան խնդիրներ ունեցած լինելու մասին։
Անկախ վերոնշյալից, նկատի ունենանք, որ սա ԱՄՆ-ում, հասարակական վայրում հրազենով զանգվածային սպանության առաջին դեպքը չէ, այդպիսի տասնյակ կամ, թերևս, հարյուրավոր դեպքերից ընդամենը մեկն է, պարզապես այս անգամ զոհերի և վիրավորների թիվը գուցե մի փոքր շատ է: Վստա՛հ ենք, որ կատարվածը նմանաբնույթ վերջին դեպքն էլ չի լինելու… Ամերիկյան հասարակության մեջ, որը հոգեբանական, սոցիալ-հոգեբանական, բարոյահոգևոր, արժեհամակարգային խիստ մտահոգիչ խնդիրներ ունի, որտեղ շատ-շատ են ալկոհոլը չարաշահողները և թմրամոլները, չափազանց մեծաթիվ են ոչ միայն հոգեբանական լուրջ խնդիրներ, այլև հոգեկան տարբեր շեղումներ ունեցողները: Դե հիմա մեր հայրենակիցները թող լավ մտածեն` արդյոք արժե՞ ապրելու համար գնալ Միացյալ Նահանգներ, որի հասարակության ոչ միայն շարքային անդամները, այլև նույնիսկ նախագահը, ըստ ամերիկյան բազմաթիվ հոգեբանների ու հոգեբույժների, ունի հոգեկան շեղումներ: Վերջերս ամերիկյան մասնագետների մի մեծ խումբ Դոնալդ Թրամփին համարելով այդպիսին, միաժամանակ հայտարարել է, որ նա աշխարհի ամենավտանգավոր մարդն է, նկատի ունենալով, որ Թրամփի ձեռքին է գտնվում, այսպես կոչված, «միջուկային ճամպրուկը», որից կախված է ողջ մարդկության, աշխարհի ճակատագիրը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք