Ջավախքում հայերի եւ հատուկ ջոկատայինների բախումն ուսումնասիրում է Վրաստանի ՄԻՊ-ը


Ջավախքում հայերի եւ հատուկ ջոկատայինների բախումն ուսումնասիրում է Վրաստանի ՄԻՊ-ը

  • 03-10-2017 14:40:23   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com. Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին, անդրադառնալով Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, ասել է, որ պատրաստվում է գործն ուսումնասիրելուց հետո հանդես գալ հայտարարությամբ, գրում է jnews.ge-ն: 
 
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝ թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
 
Օմբուդսմենի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել գործը եւ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին խաչքար տեղադրելու համար, որտեղ վերաթաղված է գյուղի բնակիչների նախնիների ոսկորները, որոնք հայտնաբերվել են X դարի եկեղեցու տարածքում վերականգնման աշխատանքների ժամանակ: Գյուղի բնակիչները ամիսներ շարունակ դժգոհում էին այն բանի համար, որ իրենց նախնիների գերեզմանները պղծվում են: Ոսկորների մի մասը վերաթաղված է: Բնակիչները ցանկանում են խաչքար տեղադրել այդ հավաքական գերեզմանի վրա:
 
Սակայն Ախալքալաքի ոստիկանությունը թույլ չտվեց, որ բնակիչները եկեղեցու բակ մտնեն, ասելով, որ իրենք նման հրաման չունեն: Մարդկանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ բախում: Արդյունքում, հատուկ ջոկատայինները բնակիչներին ցրելու համար օդ կրակեցին, ստեղծվեց քաոսային իրավիճակ եւ մարդիկ քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավորներ, թե ոստիկանության, եւ թե գյուղի բնակիչների շարքերում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը