Գումբուրդոյի եկեղեցին վրաց եկեղեցու սեփականությունն է, բայց պետք է լսել գյուղի բնակիչների խաչքար տեղադրելու խնդրանքը. Վիրահայոց թեմի առաջնորդ․․Tert.am


Գումբուրդոյի եկեղեցին վրաց եկեղեցու սեփականությունն է, բայց պետք է լսել գյուղի բնակիչների խաչքար տեղադրելու խնդրանքը. Վիրահայոց թեմի առաջնորդ․․Tert.am

  • 04-10-2017 16:41:09   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուդո գյուղում եկեղեցու շուրջ գրանցված միջադեպի, հայաբնակ գյուղում տեղակայված եկեղեցում խաչքար-տապանաքար դնելու մասին որոշման, Վիրահայոց թեմին վերագրվող մեղադրանքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:
 
 
 
-Ելնելով հանդիպումներից՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունի վրացական կողմն այս հարցի վերաբերյալ:
 
-Վրաստանում պետական ծառայողները, ում հետ մենք հանդիպել ենք, բոլորն էլ մտահոգ են, բոլորն էլ ուզում են հարցին լուծում տալ, նույնը ես տեսա նաև պատրիարքարանում: Որևէ մեկը ցանկություն չունի տարածաշրջանում ավելորդ լարվածություն ստեղծել:
 
-Տարբեր հարթակներում շրջանառվում է այն միտքը, որ Վիրահայոց թեմը հավակնություններ ունի ուղղափառ եկեղեցու նկատմամբ, իրականում Վիրահայոց թեմի դիրքորոշումը ո՞րն է այս հարցում:
 
- Մենք երբեք որևէ հավակնություն չենք ունեցել, որովհետև այդ եկեղեցին երբեք առաքելական եկեղեցի չի եղել:
 
 
- Սրբազան Հայր, վրացի հոգևորական Իլյա Ճիղլաձեն Ձեզ մեղադրում է պառակտմանը նպաստելու մեջ և տեղի ունեցածը վերագրում է Ձեզ: Ի՞նչ է սա նշանակում։
 
-Տեղյակ եմ, ես ուզում եմ, որ հասարակությունն իմանա, որ Հայաստանից դուրս ծառայող հոգևորականներս, մանավանդ այնպիսի երկրներում, որտեղ պատմամշակութային խնդիրներ ունենք տեղի դոմինանտ եկեղեցու կամ հասարակության հետ, ցանկացած հոգևորական իր գործունեությամբ արդեն թիրախ է: Նրան կմեղադրեն այս կամ այն հարցերում: Ես բացարձակ չեմ ուզում մեկնաբանել ինչ-որ պատահական հոգևորականի խոսքը: Այստեղ չեն նայում, թե ով ինչ է արել, կամ որ բնակիչն է ինչ-որ գործողություն կատարել: Իրենք գիտեն, որ կա եկեղեցի. այստեղ, ըստ վրացական ընկալման, հայ եկեղեցին է հայ համայնքի իշխանությունը, և բնական է, որ առաջին հերթին մեզ պետք է թիրախավորեն:
 
-Երբ որոշում կայացվի եկեղեցիների միջև, դա ընդունելի կլինի՞ Գումբուրդոյի բնակիչների համար՝ անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացվել, թե՞ իրենց համաձայնությունը ևս պետք է լինի:
 
-Առանց Գումբուրդոյի ժողովրդի համաձայնության մենք ո՞վ ենք, որ համաձայնենք: Այստեղ խնդիրը ճշտվելու է Գումբուրդոյի ժողովրդի հետ: Ինչ որոշում էլ կայացվի, պետք է կայացվի տեղի ժողովրդի հետ:
 
- Սրբազան Հայր, հարցը կարծես թե իրավական դաշտում է՝ սեփականություն, սեփականություն իրավունք, որն ունի վրաց եկեղեցին. անկախ ամեն ինչից՝ իրենց տարածքն է: Ինչո՞ւ է հարցը եկել նաև եկեղեցական դաշտ:
 
-Ճիշտ է, այս հարցը պիտի իրավական դաշտում լինի, սա պետք է տեղական իշխանության մակարդակով լուծվեր: Դա վրաց եկեղեցու տարածքն է, եկեղեցին պետք է իր համաձայնությունը տա կամ չտա, ինչն իր իրավունքն է: Մենք որպես թեմ մասնակցում ենք, քանի որ վրաց եկեղեցու հետ է հարցը: Սա միջեկեղեցական խնդիր չէ, ժողովուրդն ուզում է գերեզմանի վրա խաչքար դնել:
 
-Քննարկումներին մասնակցելո՞ւ է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը, քանի որ նույն գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն ասել է, որ միջադեպը չպիտի գրանցվեր, որովհետև որոշ ժամանակ առաջ տեղական իշխանությունների ներկայացուցիչների, գյուղական համայնքի ներկայացուցիչների հետ համաձայնեցրել են և տրամադրել համապատասխան վայր, ուր կտեղափոխվեն աճյունները: Նա հայտնել է, որ վերահուղարկավորումը տեղի կունենա եկեղեցու ցանկապատից 5 մետր հեռավորության վրա: Շտապե՞լ է Անթիձեն, չէ՞ որ դեռ քննարկումներ են լինելու:
 
- Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունն անպայման պետք է մասնակցի քննարկմանը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում նման պատմական արժեք ունեցող եկեղեցու շուրջ ինչ-որ բան անելը ճշտվում է նման մարմնի հետ: Անթիձեն շատ շտապել է նման հարցազրույց տալ, նա սխալ տեղեկություն է տարածել, ինքը չի տիրապետում իրավիճակին:
 
լուսանկարը՝ armeniasputnik.am-ի
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը