Երևանում բացվել է ամերիկաբնակ հայ գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցու հերթական անհատական ցուցահանդեսը


Երևանում բացվել է ամերիկաբնակ հայ գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցու հերթական անհատական ցուցահանդեսը

  • 04-10-2017 21:05:32   | Հայաստան  |  Մշակույթ



 
«Նկարչի գործը ցուցահանդես կազմակերպելն է, իսկ հանրության գործը` այդ ցուցահանդեսներից ինչ-որ բան տանելը կամ ստացած տպավորությունների հիման վրա փոխվելը»,- ասում է այս օրերին Երևանում գտնվող ամերիկաբնակ գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցին: 
 
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում բացվեց նրա հերթական անհատական ցուցահանդեսը, որը ներառում է տարբեր ժամանակների շուրջ 40 աշխատանքներ: Դրանց մեծ մասը մշտապես ցուցադրվել է «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում: 
 
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում ծնված, սակայն այսօր Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող հայ գեղանկարիչն անհատական ցուցահանդեսներ ունենում է հիմնականում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում: 
 
Երևանյան  ցուցահանդեսից հետո նա պատրաստվում է ներկա գտնվել Դորտմունդում նախատեսված իր անհատական ցուցահանդեսին: 
 
Հենրիկ Վարդենիկցի արվեստագետի կտավներում առանձնահատուկ տեղ ունի կնոջ թեման: Այն և հոգեհարազատ է, և սիրո թեմայի պես անսահմանափակ: 
 
«Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի կարծիքով` Հենրիկ Վարդենիկցու նկարները ստիպում են խորհել, ինչու չէ նաև փիլիսոփայել իրական աշխարհի մասին: 
Նա ուրախությամբ փաստում, որ այս ցուցահանդեսից հետո իր հետ կտանի հայ գեղանկարչի կտավներից մի պատառիկ գույն: 
 
Արվեստագետին իր իսկ ներկայությամբ գովաբանելը սկզբունքորեն մերժող Սփյուռքի փոխնախարար Սեժիկ Սրապիոնյանը նկատում է. «Արտաքուստ այնպես է թվում, որ նրա նկարների մեջ գերիշխում է մռայլը, բայց ես ուզում եմ իմ տեսակետից պնդել, որ Հենրիկն այդ խավարի խտացումների միջոցով տեսանելի է դարձնում լույսը»: 
 
Հենրիկ Վարդենիկցու երևանյան անհատական ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ