Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Նոր ժողովրդավարություն կուսակցության ղեկավարի հետ


Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Նոր ժողովրդավարություն կուսակցության ղեկավարի հետ

  • 05-10-2017 20:14:03   | Հունաստան  |  Քաղաքական

Հոկտեմբերի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում ունեցավ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, պաշտոնական ընդդիմության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
 
Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին հայ և հույն ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերությունները:
 
Պարոն Միցոտակիսն առանձնահատուկ շեշտեց իր անձնական կապերը հայերի հետ և հայ ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքը: Նա նաև հայտնեց, որ իր կուսակցությանն անդամակցող և դրան հարող որոշ գործարարներ հետաքրքրված են բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում:
 
«Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարը ներկայացրեց Հունաստանի ներքին և արտաքին զարգացումների շուրջ իր կուսակցության մոտեցումները:
 
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:
 
Այս համատեքստում Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ:
 
Դեսպանը ներկայացրեց նաև ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին դրանց կարևորությունը, ինչպես նաև նոր ընտրական օրենսգրքով իրականացրած բարեփոխումները:
 
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play