Անգղնե՛ր, Հայաստանում զգույշ թռեք… Անգղների սպանության մեջ կասկածվող Շենավանի գյուղապետը և մյուսները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի


Անգղնե՛ր, Հայաստանում զգույշ թռեք… Անգղների սպանության մեջ կասկածվող Շենավանի գյուղապետը և մյուսները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի

  • 06-10-2017 18:03:11   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
Վերջին օրերին համացանցում մեծ տարածում է ստացել ճանապարհն «արխային» փակած և իրենց խփած վայրի թռչունների հետ լուսանկարված երեք անձանց լուսանկարը, այդ կապակցությամբ բուռն քննարկում է ծավալվել: Ըստ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում առկա հրապարակումների, լուսանկարում պատկերված անձանցից մեկն Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղների որսագողության փաստին, ասել է, որ մեղավորները պետք է խստագույնս պատժվեն:
«Ոչ միայն դատապարտելի է, պետք է խստագույնս պատժի ենթարկվեն անձիք, ովքեր  կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում, սա իսկապես վայրագություն է»,- ասել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ այդ թռչուններին խփած անձանց կողմից լուսանկարների հրապարակումը կրկնակի դատապարտելի պետք է լինի:
Արծվիկ Մինասյանը հայտարարել է նաև, որ կատարվածը հանցագործություն է և նյութերի նախապատրաստումից հետո քրեական գործ կհարուցվի, մեղավորներն արժանի պատիժ կկրեն:
Մեղավորների` խստագույնս պատժվելու, արժանի պատիժ կրելու վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի հիշյալ հայտարարությունները, լավագույն դեպքում նախարարի, իհարկե, զուտ բարի ցանկությունն են, ինչի իրականություն դառնալուն, դառը փորձից ելնելով, չափազանց դժվար է հավատալ, առավել ևս, եթե Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը ՀՀԿ անդամ է:
Շատ ավելի սպասելի էր, որ լուսանկարում գյուղապետի հետ պատկերված անձանցից մեկն ամբողջովին իր վրա կվերցնի Կարմիր գրքում գրանցված թռչունների սպանությունը, եթե նույնիսկ միայն ինքը չի խփել թռչուններին, և Արթուր Մկրտչյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Հենց այդպես էլ տեղի ունեցավ: ՀՀ ոստիկանության այսօր հրապարակած տեղեկատվության համաձայն, «Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յ. Պողոսյանը»:
Հետաքրքիր է, թե ոստիկանությունն ինչպե՞ս է այս հանգամանքը պարզել` Յ. Պողոսյանի՞ն է հարցրել, հավատացել նրա ազնիվ խոսքի՞ն… Թե՞ Շենավանի գյուղապետին է հարցրել ու հավատացել Արթուր Մկրտչյանի ազնիվ խոսքին, որը, բնականանաբար, կժխտեր իր մասնակցությունը նույնիսկ այն դեպքում, եթե ապօրինի որս կատարողներից մեկն է եղել, սակայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո, մինչ ոստիկանների ժամանելը, համապատասխան պայմանավորվածության եկել Յ. Պողոսյանի հետ: Լուսանկարում պատկերված երրորդ անձի ինքնությունը պարզել, նրա՞ն են հարցրել ու հավատացել նրա ազնիվ խոսքին: Գուցե հարցրել են լուսանկարում պատկերված անձանց ընկերներից, հարևաններից, համագյուղացիներից մի քանիսի՞ն, և նրանք վկայություն են տվել, թե որսից հետո Յ. Պողոսյանն իրենց ցույց է տվել սպանած անգղները և ասել, որ ինքն է խփել: Իսկ ի՞նչ է` Յ. Պողոսյանի կամ գյուղապետի համար, ցանկության դեպքում, դժվա՞ր էր նախապես, մինչ ոստիկանների գալը, այդ մարդկանց հետ համապատասխան զրույց ունենալ…
Միանգամայն սպասելի է, որ Յ. Պողոսյանը հիմա ոստիկաններին ասել, հետո էլ, եթե գործը քննիչին հասնի, նրան կասի, թե իրենք երեքով թռչուններին խփելու նախնական համաձայնություն չեն ունեցել, ինքը թռչուններին տեսել ու պահի տակ է որոշել խփել նրանց, հետևաբար կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդված («Ապօրինի որսը») ոչ թե 2-րդ, այլ 1-ին մասով նախատեսված արարք, որի համար նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից 600-ապատիկի չափով (այսօրվա դրությամբ` 400-600 հազար դրամ) կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով: Սա՞ է նախարարի ասած խստագույն պատիժը…
Լավ, մի պահ պատկերացնենք, թե նախաքննության մարմինը, դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը չեն հավատա նրան ու կհիմնավորեն, որ Արթուր Մկրտչյանը և լուսանկարում պատկերված մյուս անձը Յ. Պողոսյանին հանցակիցներ են եղել, և հանցանքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Մի պահ պատկերացնենք նաև, թե դրանից հետո Հայաստանի անկաշառ և արդար դատարանը, բնության պաշտպանության համար նմաններին դաս տալու ցանկությամբ, բոլոր երեքին էլ կդատապարտի ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի առավելագույնով` 3 տարի ազատազրկմամբ: Ի՞նչ եք կարծում` Շենավանի գյուղապետը, եթե նույնիսկ պարզվի, ապացուցվի, որ նա հանցակից է սպանողին, ամբողջությամբ կկրի՞ այդ պատիժը, թե՞ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ կազատվի… Քանի որ համապատասխան մարմինը կներկայացնի, թե նա կալանավորի կամ դատապարտյալի անբասիր, օրինակելի վարք է դրսևորել պատժի կրման ընթացքում: Թերևս բոլորս էլ մինչև ողնուծուծը կոռումպացված մեր երկրում գիտենք այս հարցի պատասխանը: Այնպես որ, այս պայմաններում խստագույնս պատժի, արժանի պատիժ կրելու վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի խոսքերը բացարձակապես հավատ չեն ներշնչում և ընդամենը դառը ծիծաղ են առաջացնում:
ՀՀ ոստիկանությունը կատարվածի և հիշյալ լուսանկարների առնչությամբ իր կայքում և ֆեյսբուքյան էջում երեկ «Լրատվական կայքի հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում» վերտառությամբ հրապարակել է հետևյալ տեղեկատվությունը.
«Հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածը, որտեղ առկա էին նաև որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:
Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:
Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:
ՀՀ քրեական օրենսգրքին անծանոթ մարդկանց այս տեղեկատվությունը հավանաբար որևէ բան չի հուշի, սակայն արդեն պարզ է, որ Շենավանի գյուղապետը և մյուս երկու անձինք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ ՀՀ ոստիկանությունը միանշանակ հայտարարել է՝ «Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող»: Այսինքն՝ դեպքը տեղի է ունեցել 2013թ. օգոստոսի 2-ին (կախված ժամից…) կամ դրանից առաջ, այլ կերպ ասած, ավելի քան 4 տարի առաջ, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից»:
ՀՀ քր. օր.-ի 294-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որի համար նախատեսված առավելագույն պատիժը կալանքն է 2-3 ամիս ժամկետով, նույն օրենսգրքի 19-րդ հոդվածով ոչ մեծ ծանրության հանցանք է համարվում, հետևաբար քանի որ, ըստ ոստիկանության, ապօրինի որսից հետո 2 տարին անցել է, հիշյալ անձինք ազատվելու են քրեական պատասխանատվությունից:
Եթե նույնիսկ պարզվի, ապացուցվի, որ կատարվածը ՀՀ քր. օր.-ի 294-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք է, մասնավորապես՝  կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որի համար նախատեսված առավելագույն պատիժը (3 տարի) համապատասխանում է միջին ծանրության հանցանքին, ապա նրանք դարձյալ կազատվեն քրեական պատասխանատվությունից: Այն պարզ պատճառով, որ մինչև տվյալ քրեական գործի (եթե այն հարուցվի) նախաքննությունն ավարտվի, գործն անցնի դատական երեք կամ առնվազն երկու ատյանով (անգղներին սպանած անձը և լուսանկարում պատկերված մյուս երկուսը, եթե պարզվի, ապացուցվի, որ Յ. Պողոսյանի հանցակիցներն են, հաստատապես բաց չեն թողնի բողոքարկելու հնարավորությունը), և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, հանցանքը կատարելու պահից կամ հանցանքն ավարտված համարելու օրվանից 5 տարին հաստատ անցած կլինի, եթե նույնիսկ պարզվի, ապացուցվի, որ թռչունները սպանվել են ավտոմեքենայի համարանիշը հանձնելուց անմիջապես առաջ:
Վե՛րջ: Կարծում ենք, ամեն ինչ արդեն պարզ է: Անգղնե՛ր, Հայաստանում զգույշ թռեք…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play