ԿԳՆ-Կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է


ԿԳՆ-Կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է

  • 09-10-2017 13:38:07   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն


Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տրվել է «Փոփոխության սերունդ» ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և նախաձեռնությունը ողջունել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակում Հայաստանի երկու համայնքում՝ Սևանում և Վանաձորում գործող դպրոցներում բացվում են անգլերենի ուսուցման ակումբներ, որտեղ իրականացվելու է անգլերենի ուսուցման լրացուցիչ կրթություն՝ համայնքի 9-16 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորել է կրթության համակարգում ժամանակին համընթաց քայլելու մարտահրավերը, որի շրջանակում առաջնային է դիտվում օտար լեզուների, մասնավորապես անգլերենի իմացության զարգացումը. «Կրթության և գիտության նախարարությունը կարևորում է Օտար լեզուների զարգացումն ու իմացությունը, ընդհանրապես: Մայրենի լեզվի՝ հայերենի իմացությունը բացարձակ արժեք է և մեզ համար ունի առաջնային նշանակություն և մեր կրթության մեջ ազգայինն ունի շատ խորը արմատներ: Քիչ առաջ դպրոցի բակում ազգային պարերով մեզ դիմավորած երեխաներն արդեն ազգայինը կրում են իրենց մեջ՝ որպես արժեհամակարգ, բայց աշխարհին հաղորդ լինելու համար նրանք նաև պիտի օտար լեզուներ իմանան: Լեզուն այն գործիքն է, որով պետք է մեր ազգայինը ներկայացնենք աշխարհին, նաև հաղորդակից դառնանք այլ մշակույթների հետ. երբ դու ունես քո ազգայինը, կարող ես նաև միջազգայինը վերցնել՝ ստեղծագործել, համեմատել, համադրել, տարբերել և գնահատել: Սրանք կարևոր ընկալումներ են, որոնք դրված են կրթության և դաստիարակության հիմքում: Արագ փոփոխվող աշխարհում շատ դժվար է հասկանալ, թե երեխաներն ապագայում ինչ ուղղությամբ կարող են գնալ, որովհետև մեզ շրջապատող աշխարհի հետ փոխվում են նաև մասնագիտությունները: Կան դեռևս չհորինված մասնագիտություններ, որոնք պիտի ապագայում ընտրեն այսօրվա դպրոցականները: Այս իմաստով կրթության պլանավորումն ապագայի կանխատեսում է, որն իրապես բարդ գործ է: Մենք առանձնացնում ենք մաթեմատիկայի և բնագիտական առարկաների իմացությունը, որպես հիմնարար ուղղություններ և օտար լեզուների իմացությունը՝ հասկանալով, որ լինելով փոքր երկիր երեք լեզվի իմացությունը մեզ համար կարևոր է: Այս իմաստով ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի օտար լեզվի հավելյալ իմացությունը դպրոցում, ողջունելի է»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում, «Փոփոխության սերունդ» ծրագրի շրջանակում կահավորվել է առանձին ընթերցասրահ, որտեղ հյուրերի ներկայությամբ տեղի է ունեցել անգլերենի առաջին բաց դասը: Անգլերենի ակումբների գործարկումը երեխաներին հնարավորություն կտա բարելավել անգլերենի իմացությունը Բրիտանական խորհրդի տրամադրած և ՀՀ ԿԳ նախարարության սահմանած կարգով Կրթության ազգային ինստիտում փորձաքննություն անցած գրականության միջոցով: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել Բրիտանական խորհրդի «Սովորել անգլերեն` պատմություններ կարդալու միջոցով» ծրագրից, որը կնպաստի լեզվի իմացության բարելավմանը և աշխարհընկալման զարգացմանը: Ծրագրի շրջանակում շուրջ 200 երեխա հնարավորություն կունենա ներգրավվել ակումբների աշխատանքում: 40 ուսուցիչ կանցնի Բրիտանական խորհրդի վերապատրաստման դասընթացները՝ սովորելով հեքիաթասացություն, սոցիալական ձեռնարկատիրության դասավանդման հմտություններ: Ակումբի աշխատանքներում ներգրավվում են դասընթացն անցած ուսուցիչները, որոնք նույն դպրոցներում դասավանդող անգլերենի մասնագետներն են:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն