Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներն այցելել էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներն այցելել էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 10-10-2017 17:43:46   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներին՝ գլխավորությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի:
Հայաստանի գրողների միության նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին և համաժողովին քննարկվող նյութերի շրջագիծը: Պրն. Միլիտոնյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և միության միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում օրեր անց` համաժողովի ավարտին, Օշականի դպրատանը կանցկացվի ամենամյա «Կանթեղ» մրցնակաբաշխությունը:
 
Այնուհետև ներկա սփյուռքահայ գրողներին իր գնահատանքը հայտնեց Ամենայն Հայոց Հայարապետը` ուրախություն հայտնելով հայրենիքում պարբերաբար գումարվող հայ գրողների համաժողովի առիթով: Նորին Սրբությունը օգտակար նկատեց նման ձեռնարկները, որոնք առավել արդյունավոր են դարձնում հայ գրողի առաքելությունն ազգային կյանքում: Գարեգին Բ Հայրապետը կարևորեց նաև սփյուռքահայ գրականության տարածման խթանումը Հայաստանում, որպեսզի Հայրենիքում հասարակությունը ևս հաղորդ դառնա հայագիր և օտարագիր գրողների ստեղծած արժեքավոր գրական ժառանգությանը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգություն արտահայտեց ազգային կյանքում նկատվող ազգային-բարոյական արժեքների նահանջի առիթով և այդ իրավիճակի շտկման գործում կարևորեց հայ գրողների, մտավորականների առաքելությունը: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ գրողների ստեղծագործությունները պետք է նպաստեն երիտասարդության մեջ հայրենասիրարական ոգու, ազգային գիտակցության ու նկարագրի ձևավորմանը: Այս գործում Հայոց Հովվապետը շահեկան նկատեց գործակցությունը Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի հետ:
Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով համաժողովի մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց զորակցելու հայագիր և օտարագիր հայ գրողներին, ինչպես նաև Մայր Աթոռի հնարավորությունները ծառայեցնելու ազգօգուտ նման ձեռնարկների կազմակերպման համար:
Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայ գրողները շարունակեն իրենց ստեղծագործական կյանքով իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին:
Նորին Սրբությունը պատասխանեց նաև գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Սփյուռքում հայոց լեզվի ուսուցման ու պահպանման խնդիրներին, հոգևորականների պատրաստությանը, Հայրենիքում առկա դժվարություններին: 
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն