«Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար


«Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար

  • 10-10-2017 19:44:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսը:
 
Այն ստեղծվել է ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի, և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի և Համաշխարհային բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման  ծրագրի» (Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR)) աջակցության շնորհիվ:
 
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց խաղի ստեղծմանն աջակցող բոլոր գործընկերներին, ում շնորհիվ հնարավոր դարձավ անվտանգության մշակույթի ձևավորմանն ուղղված այս նախաձեռնությունը.
- Խորհրդանշական է, որ խաղի շնորհանդեսը կայացավ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա նախօրեին: Այն մշակվել է բովանդակային հստակ ուղղվածությամբ ու հասցեականությամբ: 
Սիրելի երեխաներ, վստահ եմ, որ այս խաղի օգնությամբ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ձեր և ձեր շրջապատի անվտանգության ապահովմանը, որովհետև խաղի արդյունքում դուք ստանալու եք ոչ միայն միավորներ ու մրցանակներ, այլև՝ անվտանգ ապրելու երաշխիք:  
 
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն ընդգծեց, որ խաղի փորձարկման ժամանակ լուրջ արդյունքներ են գրանցվել: Ընդամենը 12 օրվա ընթացքում «Սուպեր Դավիթ» խաղը խաղացել են 187186 անգամ, որը Dasaran.am կայքի համար աննախադեպ մեծ թիվ է:   
 
Խաղի շնորհանդեսին ներկա Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն ու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ևս իրենց ելույթներում նույնպես համոզմունք հայտնեցին, որ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր ներդնել աղետների ռիսկի նվազեցման, ոչ թե հետևանքների վերացման ուղղությամբ:
 
«Սուպեր Դավիթ» խաղի ստեղծման գործում մեծ է նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներդրումը, որի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ.Մաթևոսյանի համոզմամբ՝ խաղն ուսուցման ամենաարդյունավետ մեթոդներից է:
 
Խաղի գլխավոր հերոսի նախատիպը հայկական սիրված էպոսի հերոսն է՝ Սասունցի Դավիթը, որը բոլորին հասնում է օգնության: Dasaran կրթական հարթակում տեղ գտած նոր «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային խաղը նպատակ ունի խաղի միջոցով ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին: «Սուպեր Դավիթ» խաղի միջոցով առավելագույն միավորներ հավաքած և հաղթող ճանաչված աշակերտները կստանան արժեքավոր մրցանակներ:
 
Միջոցառմանը ներկա աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն ունեցան շրջայց կատարել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, մասնակցել առաջին օգնության համառոտ դասընթացին և փորձարկել «Սուպեր Դավիթ» նոր խաղը: «Սուպեր Դավթի» մշակմանը մասնակցած աշակերտները հուշանվերներ ստացան ՀՀ ԱԻ նախարարության և Dasaran կրթական ծրագրի կողմից: 
 
Երեխաները (և ոչ միայն) «Սուպեր Դավիթ»  կարող են խաղալ հետևյալ հղումով՝ https://www.dasaran.am/games/super-david 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն