Խնձորեսկցիները մեկ օրով կտվեցին առօրյա հոգսերից և տոնեցին Սպարապետի օրը


Խնձորեսկցիները մեկ օրով կտվեցին առօրյա հոգսերից և տոնեցին Սպարապետի օրը

  • 11-10-2017 18:13:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայոց պատմության հերոսական էջերը կերտած Սպարապետների անունները հիշատակելու նպատակով առաջին անգամ Սյունքի մարզի Խնձորեսկ համայնքում նշվեց «Սպարապետի օր»-ը: 
 
Ավանդական դհոլ զուռնայի ուղեկցությամբ կախովի կամրջից ազդարարվեց տոնական միջոցառումների մեկնարկը: Այնուհետև Ա. Խանփերեցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ և ուղեկցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ` դեպի Մխիթար Սպարապետի գերեզմանը: 
 
Այստեղ կուրսանտները զինվորական խոստում տվեցին և ծաղկեպսակ դրեցին Սպարապետի գերեզմանին` պատվո պահակ ակնգնելով ի նշան հարգանքի: Տրվեց նաև զինվորական համազարկ: 
 
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, Հայաստանում «Սպարապետի օր»-ը տոնելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի ընկերներով այցելել են Արցախի մարտական դիրքեր, ոգեշնչվել դիրքապահ զինվորների հետ հանդիպումից ու շփումից:
 
«Մենք շատ տոներ ունենք, որոնք կազմակերպում ու անցկացնում ենք, բայց ռազմական ոգով այսպիսի տոն չունենք, բացի Բանակի օրվանից: Կարծում եմ` մեր նման երկրի համար, որը բազմաթիվ խնդիրներ ունի սահմանում, շատ կարևոր է այսպիսի տոնը, որպեսզի մեր երեխաները տեսնեն, որ ունեցել ենք սպարապետներ, այսօր ունենք հերոս տղաներ և մենք պատրաստ ենք դիմակայել ցանկցած թշնամու»,- նկատեց նա` հույս հայտնելով, որ միջոցառումը կդառնա ամենամյա: 
 
«Սպարապետի օր» տոնական միջոցառումների շրջանակներում ողջ Խնձորեսկի տարածքում միաժամանակ անցկացվեցին մի շարք սպորտային մրցույթներ` նետաձգություն, հայկական ազգային կոխ, փեյնթ-բոլ և այլն: 
 
Փոքրիկ խնձորեսկցիների համար մանկական տիկինիկային ներկայացումներ անցկացվեցին դպրոցի տարածքում, իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, «Կարին» երգի-պարի խմբի, Արսեն Գրիգորյանի (Մրո) և նրա ղեկավարած ազգագրական երգի համույթի մասնակցությամբ ողջ օրը հնչեց ազգային ռազմահայրենասիրական երգն ու պարը: 
 
Տոնական միջոցառումների շարքը եզրփակվեց հայ սպարարապետներին նվիրված պուրակում` գալա համերգով, որին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:  
 
 
Էլիզա Զախարյան «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն