Հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար՝ ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար


Հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար՝ ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար

  • 11-10-2017 14:12:18   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 11-ին Երևանում ըմբշամարտի մարզիչների և ըմբիշների համար կազմակերպել է հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար:
 
Սեմինարը, որին մասնակցում է ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու, UWW-ի փոխտնօրեն Կառլոս Ռոուն, անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: 
 
Սեմինարի մասնակիցները, դասընթացից բացի, ծանոթանում են նաև UWW-ի հակադոպինագային կանոնների և դոպինգի վնասակարության մասին հայերեն ձեռնարկներին ու 2018 թվականի արգելված նյութերի և մեթոդների ցանկին:
 
Սեմինարին մասնակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: «Մենք խստորեն դատապարտում ենք դոպինգի օգտագործումը և հետևողական պայքար ենք մղում այդ չարիքի դեմ: Նախարարության կողմից կազմակերպվող նմանատիպ ուսուցողական միջոցառումների նպատակն է բարձրացնել ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի արդյունավետությունը»,- ասել է Գ. Ղազարյանը:
 
UWW-ի փոխտնօրեն Կառլոս Ռոուն շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը այս սեմինարը կազմակերպելու համար և ներկայացրել է հակադոպինգային կանոնների խախտման դեպքում UWW-ի կողմից կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև դոպինգի դեմ պայքարում UWW-ի և ազգային ֆեդերացիաների համագործակցության ուղղությունները:
 
Սեմինարի հաջորդ դասը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Գյումրիում:
Նոյյան տապան  -   Սպորտ