Ծխողների շրջանում արված հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն. Կոչ է արվում միանալ «Առանց ծխախոտի Հայաստան» նախաձեռնությանը. (տեսագրություն)


Ծխողների շրջանում արված հետազոտությունների արդյունքները հուսադրող չեն. Կոչ է արվում միանալ «Առանց ծխախոտի Հայաստան» նախաձեռնությանը. (տեսագրություն)

  • 12-10-2017 15:08:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում ծխողների թիվը սկսել է կտրուկ աճել 1980-ական թվականների վերջերից։ 2016 թվականին ոլորտում կատարված վիճակագրական հետազոտությունների արդյունքներն էլ առանձնակի հուսադրող չեն, հետևաբար մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ միացել են աշխարհում մղվող հակածխախոտային պայքարին, այդ թվում նաև Սպառողների ազգային ասոցիացիան։ 
 
Ինչպես հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, աշխարհում մղվող հակածխախոտային պայքարը նպատակ ունի պաշտպանել չծխողների, այդ թվում նաև անչափահասների և պասիվ ծխողների ոտնահարվող իրավունքները՝ ակնկալելեով ապագայում ունենալ առողջ սերունդ։ 
 
«Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման` 2016 թվականին Հայաստանի ընտանիքների 53,1 տոկոսը նշել է, որ տանը գտնվում է ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում է ամենօրյա պասիվ ծխող, իսկ 2,8 տոկոսը` պասիվ ծխող շաբաթական մի քանի անգամ: Հարցվողների 37, 9 տոկոսն էլ նշել է, որ իրենց տանը բացարձակ չեն ծխում, ինչը դրական է»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ-ում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխող է աշխատող անձանց 39,7 տոկոսը, մինչդեռ և բաց, և փակ տարածքներում աշխատողների շրջանում պասիվ ծխող է համարվում շուրջ 73,9 տոկոսը: 
 
Մ. Հակոբյանի փոխանցմամբ` Սպառողների ազգային ասոցիացիան խնդրագիր է ուղարկել մի շարք կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների: 
 
Նրա խոսքերով` խնդրագիրը չի ուղարկվել էլեկտրոնային փոստով, այլ իրենք անհատապես հանդիպել են յուրաքանչյուր շահագրգիռ կողմի հետ: 
 
«Այս պահին նախաձեռնությանը միացել են 25 ՀԿ-ներ, մի քանի ԲՈՒՀ` Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, որոշ գիտական կենտրոններ, 22 գիտնական, որոնցից 6-ը` ԳԱԱ ակադեմիկոս, 19-ը` դոկտոր, պրոֆեսոր, 15 գիտության թեկնածու և այլն»,- տեղեկացրեց Մ. Հակոբյանը` ընդգծելով, որ այսօրվա աշխատանքների արդյունքները նկատելի կլինեն մոտ ապագայում: 
 
Վերջինս կոչ արեց բոլորին միավորվել «Առանց ծխախոտի Հայաստան» ունենալու գաղափարի շուրջ: 
 
Նշվեց, որ Սպառողների ազգային ասոցիացիան համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Ազգային Ժողովի հետ, արդյունքում առաջարկվել է համապատասխան օրենքի նոր նախագիծ, որով կսահմանվի փակ տարածքներում ծխելու, ծխախոտի վաճառքի կետերում գովազդի, տարբեր ֆիլմերում քողարկված գովազդի արգելքը: 
 
Մ. Հակոբյանը նաև նշեց, որ ինքն անձամբ հանդես է եկել ևս մեկ առաջարկով, այն է` Հայաստանում, և մասնավորապես, Երևանում գործող սպորտային համալիրներում ժամը 13:00-ից հետո անվճար կամ մատչելի վճարներով հնարավորություն տալ երիտասարդներին այցելել և սպորտով զբաղվել: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն