Նախարարն ընդունել է Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին


Նախարարն ընդունել է Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին

  • 12-10-2017 17:16:08   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինին:
 
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ազգային դելփյան խաղերի և առաջին անգամ նախատեսվող համաշխարհային դելփյան խաղերի անցկացման հնարավորությունը: «Կարևորում եմ ազգային դելփյան խաղերը, քանի որ դրանց մասնակցում է երկրի շնորհաշատ երիտասարդությունը: Սա ևս մի հնարավորություն է մշակույթի և սպորտի ոլորտներում նրանց հմտությունները բացահայտելու համար»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ մենք ունենք դելփյան խաղերի անցկացման փորձ, քանի որ դելփյան խաղերը 2010 թվականին անցկացվել են Հայաստանում: «Կարծում եմ՝ համաշխարհային խաղերը, լինելով առավել մեծամասշտաբ, նպաստելու են ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը»,- ասել է Հ. Ռոստոմյանը և հավելել, որ դելփյան առաջին համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի Դելփյան խաղերի միջազգային կոմիտեից ծրագրերը, տեխնիկական և կազմակերպչական հարցերը ներկայացվելուց հետո:
 
Նշենք, որ Դելփյան խաղերն ամենամյա են և ունեն մշակույթի ու սպորտի ոլորտներն ընդգրկող 42 անվանակարգեր:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ