Նոր իրավիճակ գծատերերի համար. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները.armtimes.com


Նոր իրավիճակ գծատերերի համար. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները.armtimes.com

  • 12-10-2017 17:24:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ  կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:
 
Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:
 
Առաջակվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության բոլոր համայնքներին տրանսպորտային սպասարկմամբ ապահովմամբ: Նախարարությունը պարզել է, որ տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով: «Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց»,- ասված է որոշման նախագծում:
 
Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում՝ գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
 
Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:
 
Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:
 
Պարզաբանելով առաջարկվող փոփոխությունը՝ նախարարը կառավարության նիստում ասաց, որ խոշորացված համայնքն ինքն է կազմակերպում մրցույթ, իսկ միջմարզայինի դեպքում մրցույթն իրականացնում է կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մեկնաբանելով առաջարկվող փոփոխությունն ասաց. «Մենք ստեղծում ենք օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որը  մենք ուզում ենք առաջարկել: Տրանսպորտային ցանցը մենք ենք ուզում առաջարկել, որ այնպես չլինի, որ բնակավայրերը դուրս մնան մեր քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերը համախմբում ենք, որպեսզի բիզնեսի համար դառնա շահավետ: Եվ նաեւ նախատեսում ենք ցանցը տրամաբանական կառուցելուց հետո երկարատեւ պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատեւ աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի եւ այլն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
 
Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել, կհայտարարեն մրցույթ, սակայն դրանից հետո պետք է ուսումնասիրեն ծրագրի դրական եւ բացասական կողմերը:
 
«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:
 
Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն եւ գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երեւան եկող երթուղիների պարագայում:
 
Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:
 
Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play